Դատական նիստը հետաձգվեց․ նախագահ Քոչարյանը երկրում չէ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կաշառքի կամ, ինչպես ընդունված է ասել, «Սիլվայի գործով» դատական նիստը:
Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալներ՝ անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Այսօրվա դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։
Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել Հանրապետությունից։
Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ սահմանահատման արգելքը վերացվել է դահլիճից դուրս՝ աշխատասենյակում կայացրած որոշմամբ, և առարկեց դատավորի գործողությունների դեմ։
Դատավորը նշեց, որ պարտավոր չէ պարզաբանում ներկայացնել․ դիմող կողմի ներկայացրած հիմքերը և հարցի հրատապությունը բավարար են եղել որոշում կայացնելու համար։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 13-ը։