«Եղբայրս մի քանի վիրավորի իջեցրել է, հետո բարձրացել է հարևան դիրք՝ վաշտի հրամանատարի մոտ, բայց մնացել են շրջափակման մեջ»․ 19-ամյա Ռուսլանը զոհվել է Իշխանասարում
2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 19-ամյա Ռուսլան Վալտերի Թովմասյանն Արմավիրի մարզի Շենավան գյուղից էր, ընտանիքի միակ որդին, ունի իրենից փոքր 1 քույր։
Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց չէր հասցրել դասերին մասնակցել, 2021 թվականի հուլիսի վերջին զորակոչվել էր։
Զոհված զինծառայողի հորաքրոջ որդին՝ Արսեն Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Ռուսլանը բարձրահասակ էր, նաև ուներ ֆիզիկական լավ պատրաստվածություն, և զինկոմիսարիատում նրան ավելի շատ դիտարկում էին՝ որպես պատվոպահակախմբում ծառայելու ենթակա․
«Չնայած, որ իրեն դիտարկում էին պատվոպահակախմբի համար, չտարան այդտեղ։ Հետո կենտրոնական հավաքակայանում իրեն առաջարկել էին ռուսական սահմանապահ զորքերում ծառայել, բայց Ռուսլանն ընտրել էր հայկական բանակը։ Նախորդ տարի հուլիսին զորակոչվեց, ծառայում էր Գորիսի Զանգեր զորամասում․․»։
Արսենն ասում է՝ եղբայրը բնավորությամբ մաքսիմալ ազնիվ մարդու տեսակ էր, նաև անչափ ընկերասեր ու հայրենասեր էր։ Հասակակիցներից էլ տարբերվում էր ավելի հասուն մտածելակերպով․
«Չնայած այդ տարիքին, իր հետ ցանկացած բանից կարող էիր խոսել, գաղափարապես կայացած տղա էր, իրեն բոլորը հարգում, սիրում էին։ Ինքը որտեղ եղել է, հարգանք ու պատիվ է ունեցել։ Որ դեպքից հետո իրեն բերեցին, գյուղում սուգ էր․․․»։
Արսենը պատմեց, որ Ռուսլանը վերջին անգամ հորեղբոր որդու և ծառայության մեջ գտնվող ընկերների հետ է խոսել, նրանց ծնունդները շնորհավորել, որից րոպեներ անց թշնամին հարձակվել է հայկական դիրքերի վրա․
«Հորեղբոր տղայի՝ Նաիրիի ծնունդն է շնորհավորել, հետո էլ Մեղրիի զորամասում ծառայող ընկերոջը՝ Պատրիկին է զանգել ծնունդը շնորհավորել։ Վերջին խոսակցությունն իրենց հետ է եղել։
Դեպքի ժամանակ Ռուսլանը հարևան պոստում է եղել, որ ռմբակոծությունը սկսվել է, նահանջ են տվել, ինքը մի քանի վիրավորի իջեցրել է, հետո բարձրացել է հարևան դիրք՝ վաշտի հրամանատարի մոտ, որ օգնի, բայց մնացել են շրջափակման մեջ։ Իշխանասարի դեպքն է եղել․․․
Վիրավոր տղաները, որոնց Ռուսլանն իջեցրել է, փրկվել են։
Մենք երկար ժամանակ տարբեր ծառայողների հետ խոսելով պարզեցինք, որ հարձակումը մոտավորապես այսպես է եղել։ Շփման գծի տարբեր հատվածներում ռուսական զորքեր են եղել, որոնք սեպտեմբերի 12-ին ժամը 18։00-ի կողմերը հետ են քաշվել, չգիտեմ՝ ինչ անիմաստ պատրվակով։ Իրենք սեպտեմբերի 12-ին ժամը 18։00-ի կողմերը հետ են քաշվել, չգիտեմ՝ ինչ անիմաստ պատրվակով։ Զորամասի մակարդակով իմացել են, որ նման բան կա, համալրել են դիրքերը, բայց շատ թույլ՝ մի վաշտի մակարդակով։ Իմացել են, որ թշնամու մոտ 300-400 հոգանոց կուտակումներ են, բայց թեթև «ուսիլենի» են արել։
Զանգում էինք զորամաս, ասում էին՝ ապահով տեղում է, զորքի հետ է, բայց կապ չկա մոտները։ Մենք էլ մտածում էինք՝ գուցե ՊՆ-ում ինչ-որ բան է փոխվել, դեպի լավն է գնում, իրոք կապն անջատել են, որ ապահով լինեն, բայց արդեն 2-րդ օրն էր, որ լուր չկար, ահն ընկավ սրտներս։ Ես ու իր հորեղբոր տղան սկսեցինք Հայաստանի բոլոր հոսպիտալներով ման գալ, վիրավորների հետ էինք խոսում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում անմիջապես իրենց պոստից զինվոր կար, որին ինքն էր իջեցրել։ Հարց-պատասխան, կոնտակտներով փոխանակվեցինք։
Մտածում էինք՝ գուցե վիճակը ծանր լինի, իսկ ինքն այնպիսի տղա էր, որ մեզ կարող էր չասել, մինչև մի քիչ նորմալ վիճակի գար, նոր ասեր՝ էսինչ տեղն եմ, եկեք տեսեք, որ իրեն ծանր, վատ վիճակում չտեսնեինք։
Եղբորս դիրքի տղաները, որոնց հետ կոնտակտներով փոխանակվել էինք, ադրբեջանական կայքերից զոհվածների նկարներ էին քաշել, դե, իրենց դիրքն իրենք ճանաչում էին։ Նկար ուղարկեցին, 90 տոկոսով նմանեցրեցինք Ռուսլանին, բայց մտածում էինք՝ գուցե ուշքը գնացած լիներ, անգամ Կարմիր խաչ գնացինք, տվյալներ թողեցինք, մտածելով, որ կարող է վիրավոր վիճակում գերի վերցրած լինեն․․․»։
Մեկ շաբաթ տևած որոնումներն ավարտվեցին, երբ սեպտեմբերի 20-ին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց զոհված զինծառայողների 95 մարմին, Ռուսլանը նրանց մեջ էր․
«Գնացինք Գլխավոր շտաբում նկարները նայեցինք, ճանաչեցինք։ Ծնողները ԴՆԹ չեն հանձնել, ճանաչելի էր․․․ Ամենայն հավանականությամբ՝ իրենց զինաթափել ու սպանել են, անպաշտպան վիճակում սպանել են, ոնց վերլուծում ենք՝ այդպես է։ Քանի որ իրենց վաշտի հրամանատարը մինչև առավոտ ժամը 6-ը կապ ա տվել և օգնություն ուզել։ 5-6 ժամվա ընթացքում մեր Պաշտպանության նախարարությունը չի կարողացել ոչ մի բան անել, գոնե մեզ ասեին, մենք Երևանից Գորիս կհասնեինք։ Անցած տարի, երբ ես Կապանում մասնակցում էի եռամսյա հավաքներին, էլի այս նույն վիճակն էր, ՊՆ-ն ոչ մի դաս չի քաղում, նույն վիճակը շարունակվում է։
Այսօր նայում ենք Երևանի զարդարանքին, ոնց որ Շվեյցարիայում լինենք, կարծես՝ մեր հարևանները բարի, հայասեր մարդիկ են։ Բայց սահմանին նույն վիճակն է, այս առումով պետք է ասեմ, որ անլրջություն է տիրում մեր երկրում»։
Ռուսլանը շատ նպատակներ ու երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար։
«Ուզում էր ուսումը շարունակել, իր տունը կառուցել, այգիներ ունեին, դրանց տեր կանգներ և ամենակարևորներից մեկը՝ ամուսնանար․․․ Քեռիս՝ Ռուսլանի հայրը, տարիքով է, 42 տարեկան է եղել, որ Ռուսլանը ծնվել է, դրա համար ուզում էր Ռուսլանը շուտ ամուսնանար, բայց․․․»։
Ռուսլան Թովմասյանը հուղարկավորվել է Շենավանի գերեզմանատանը։