«Ծանրագույն հանցագործություններ են կատարվել, և մենք պետք է պայքարենք, որ հանցագործները պատժվեն». Լարիսա Ալավերդյան

Մինսկի խմբի լուծարման պարագայում անգամ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ դեպի Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է։

168.amի հետ զրույցում Արցախյան շարժման ակունքներում կանգնած հանրային գործիչն Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորանքն անհրաժեշտ է համարում։

«Պատմական այս օրը հնարավոր է դարձել ազգի սերուցքի պայքարի շնորհիվ։ Մենք այսօր էլ պայքարում ենք արդարության, ճշմարտության համար։ Ես այժմ մի ուղերձ ունեմ. չի’ կարելի համաձայնվել, եթե անգամ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ասեն, որ Արցախն Ադրբեջան է։ Կա միակ ճշմարտությունը, որ Արցախը երբևիցե չի’ եղել այդ, այսպես ասած, ադրբեջանական հանրապետության կազմի մեջ, և սա է պատճառը, որ ես բոլորին ուղղակի դիմում եմ և հորդորում` դիմադրել ցանկացած խարդախության, ինչ մակարդակով էլ դա լինի, ինչ հզոր պետության նախագահի կողմից էլ արտահայտվի, դրանից չի փոխվում ճշմարտությունը։

Մենք պետք է դիմադրենք ու պայքարենք, որ Արցախը նորից հայությանը վերադարձվի։ Բայց այդ պայքարը պիտի լինի համայն հայության կողմից. Պայքար ոչ միայն՝ արցախցիների վերադարձի համար, այլև՝ Արցախը հայությանը վերադարձնելու համար»,- նշեց նա։

Կարդացեք նաև

Լարիսա Ալավերդյանը շեշտեց` Արցախն օկուպացված է, զավթված է ցեղասպանական ագրեսիայի հետևանքով։

«Ծանրագույն հանցագործություններ են կատարվել, և մենք պետք է պայքարենք, որ հանցագործները պատժվեն, որովհետև դա ոչ միայն հայերի հարցն է, այլև տիեզերական ճշմարտության հարց է»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք` նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Հիշեցնենք նաև` Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս