Հովիկ Աֆյանն ընթերցողների դատին կհանձնի «Ժողովրդի հայրերը» վեպը

Ժամանակակից գրող, արձակագիր Հովիկ Աֆյանը, որի «Կարմիր» գիրքը նվաճեց շատերի սրտերը, լույս է ընծայել «Ժողովրդի հայրերը» վեպը:

Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Մաճառ 44-ում:

Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս՝ անհույս միջնորդ-հաշտարար հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»:

Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»:

Տասնյակ պատմվածքների, վեպերի հեղինակ Հովիկ Աֆյանն իր ստեղծագործական ուղու ընթացքում արժանացել է հեղինակավոր մրցանակների, իսկ նրա գրքերը ընդգրկվել են երևանյան բեսթսելերների առաջին տասնյակում։ 2021 թվականին հեղինակի «Կարմիր» վեպը ներկայացվել է TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Վեպն ընդգրկվել է նաև Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։

2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։

Տեսանյութեր

Լրահոս