Ուկրաինայի դեսպանատներն «արյունոտ փաթեթներ» են ստացել. Reuters
Եվրոպական մի շարք երկրներում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունները ստացել են «արյունոտ փաթեթներ», որոնցում կենդանիների աչքեր են եղել, հաղորդում է Reuters գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի մի քանի հաստատություններ, այդ թվում՝ Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատուն են ուղարկվել պայթուցիկ նյութով ծրարներ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլչենկոն գերատեսչության Facebook-ի էջում հայտնել է, որ փակ փաթեթներն ուղարկվել են Ուկրաինայի դեսպանատներ Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում և Իտալիայում, ինչպես նաև Նեապոլի և Կրակովի գլխավոր հյուպատոսություններ, Բռնոյի հյուպատոսություն: Վանդալիզմի է ենթարկվել Վատիկանում Ուկրաինայի դեսպանի նստավայրի մուտքը:
«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ սա ահաբեկչության և վախ ներշնչելու լավ պլանավորված արշավ է Ուկրաինայի դեսպանատների և հյուպատոսությունների դեմ», – նշել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
Գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինական կողմն աշխատում է օտար երկրների իրավապահ մարմինների հետ սպառնալիքի բոլոր դեպքերը բացահայտելու, դրանցում ներգրավված մարդկանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Իր հերթին Իսպանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում պայթուցիկ նյութերով ծրարների հայտնաբերումից հետո Իսպանիայում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսպանիայի ոստիկանությանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար է հայտնաբերվել, որի մեջ, ենթադրաբար, գտնվել է «հրատեխնիկական նյութ»: Մինչ այդ նմանօրինակ ծանրոցներ էին ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանություն, Instalaza սպառազինության ընկերություն, թագավորության պաշտպանության նախարարություն և Տոռեխոն դե Արդոսի ավիաբազա: Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը թեթև վնասվածքներ էր ստացել փոստային առաքանու մեջ թաքցված սարքի պայթյունի պատճառով: