Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը. Դատախազություն
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, մանրամասնելով, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։
Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով (նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով):
Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: