Լիտվայում ԱՄՆ-ի զորակազմը բերվել է մարտական պատրաստության ռեժիմի
Լիտվայում տեղաբաշխված ԱՄՆ-ի զինված ուժերի զորակազմը զսպման ռեժիմից անցնում է մարտական պատրաստության ռեժիմի, հայտարարել է Լիտվիայի բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալդեմարաս Ռուպշիսը՝ հանդես գալով լիտվական ռադիոյի եթերում: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Լիտվական բանակի հրամանատարը հիշեցրել է, որ Լիտվայում ռոտացիայի կարգով տեղաբաշխված են ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներ: Վերջերս Վաշինգտոնում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է, որ ԱՄՆ-ի զինվորականների ներկայության նման կարգը կպահպանվի առնվազն մինչև 2025 թվականը, դրանից ավելի վաղ անցում մշտական տեղաբաշխման տեղի չի ունենա: «Առաջ հիմնականը եղել է զսպման գործոնը՝ ցույց տալ, որ մենք այստեղ կանք, բայց զորակազմը կարելի է մեծացնել և ներկայության ձևը փոխել, ինչն էլ այժմ ցուցադրվում է:
Այն ժամանակ եղել են ստորաբաժանումներ, որոնք ավելի շատ զբաղված են եղել մեզ հետ վարժանքներ անցկացնելով, տեղանքին ծանոթանալով, շատ են եղել նման մարտավարական առաջադրանքները: Իսկ այժմ, երբ իրադրությունը փոխվել է, տեղաբաշխվում են այն ստորաբաժանումներն ու սարքավորումները, որոնք միանգամից կարող են կռվել: Այսինքն՝ պարզապես այսպիսի անցում մի ռեժիմից մյուսին», – ասել է Ռուպշիսը: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս ակտիվորեն ուժեղացնում է ռազմական ներկայությունն ամբողջ Եվրոպայում, սակայն, Ռուպշիսի խոսքով, դա «արձագանք է իրադրությանը»՝ հաշվի առնելով «հակառակորդի սպառնալիքների գնահատականները», և չի նշանակում անցում ակտիվ պաշտպանության: 2016 թվականին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքը որոշել է Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում այս երկրների խնդրանքով բազմազգ գումարտակներ տեղաբաշխել ռոտացիոն հիմքով: