Բաժիններ՝

Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի հետ կապված ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ

Հարավային Կորեան և Ճապոնիան հայտարարել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Փհենյանի կողմից աճող սպառնալիքների: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Սեուլը որոշել է անկախ պատժամիջոցներ սահմանել ութ ֆիզիկական անձանց և յոթ հաստատությունների նկատմամբ, որոնք մասնակից են միջուկային զենքի և հրթիռների մշակման ԿԺԴՀ-ի գաղտնի ծրագրերին:

Սև ցուցակում ներառված են ֆինանսական հաստատությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակցում են պատժամիջոցների տակ հայտնված հյուսիսկորեական ապրանքների անօրինական փոխադրումներին: Հստակցվում է, որ նրանք Foreign Trade Bank of Korea, Korea Daesong Bank և Kumgang Group Bank բանկերի վեց աշխատակիցներ են: Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել Սինգապուրի մի քաղաքացի և Թայվանի մի քաղաքացի:

Պատժամիջոցների ցուցակում ներառված կազմակերպությունների թվում հյուսիսկորեական առևտրային և նավագնացային ընկերություններ են, ներառյալ՝ Namgang Trading Corporation-ը, և Սինգապուրի երեք նավագնացային ընկերություններ: Ճապոնիայի կառավարությունը նույնպես հայտարարել է երեք ընկերությունների և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ կապված ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային ծրագրի հետ:

Երկրի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Korea Haegumgang Trading Corporation-ը, Korea Namgang Trading Corporation-ը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ կապված սահմանափակումների ցուցակը համալրել են իշխող աշխատանքային կուսակցության հյուսիսկորեացի 3 բարձրաստիճան անդամներ, որոնք կապված են երկրում զենքի մշակման ծրագրի հետ: Հիշեցնենք՝ վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեան բավական հաճախ հրթիռային փորձարկումներ է իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս