Մարվել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ
Դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ։
Ինչպես հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից, նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փաստել է, որ կարևոր իրադարձությունների ժամանակ պետությունը նախաձեռնում է նամականիշերի թողարկում.
«Արդեն երկրորդ անգամ Հայաստանը հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլ»-ը, և ցանկանում ենք, որ ամեն հաջորդ միջոցառում ավելի լավը և դիտարժան լինի։ Նամականիշի մարումը կլինի լավագույն և հիմնական նվերը միջոցառման հյուրերի համար՝ ցույց տալով, թե մենք որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը»։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ընդգծել է, որ նամականիշի մարումն առաջին միջոցառումն է, որ անցկացվում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մամուլի կենտրոնում.
«Խորհրդանշական է հենց այս միջոցառմամբ սկսել մամուլի կենտրոնի աշխատանքները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ը հոբելյանական է, և շատ կարևոր է այս համատեքստում ունենալ մի նամականիշ, որը մշտապես հիշեցնելու է Հայաստանի՝ որպես հյուրընկալող կողմ լինելու մասին»։
Հայաստանին հաղթանակ բերած երգչուհի Մալենան խոստովանել է, որ դեռ առիթ չի ունեցել որևէ նամականիշից օգտվելու, սակայն պատրաստվում է «Եվրատեսիլ»-ի իր ընկերներին նամակ ուղարկել հենց այս խորհրդանշական նամականիշով։
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:
Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ.
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: