
Հրապարակի շենքերին առկա ձողերը կամ առանձին բացված անցքերը մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունեն. Պարզաբանում են փոխքաղաքապետերը

Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով կազդարարվի ամանորյա տոնական ծրագրի սկիզբը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Տոնական լուսավորությունը լինելու է բացառիկ, և ես վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որոնք իրականացվել են, քանի որ նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Քաղաքը հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաև մանկական Եվրատեսիլի անցկացմամբ պայմանավորված Երևան ժամանած հյուրերին: Տոնական լուսավորությունը ողջ քաղաքում կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ: Լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից: Շենքերի փակցման հետ կապված քաղաքացիների անհանգստութունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում նաև շենքերի անվնաս վերադարձը անվնաս տեսքին»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դեռևս հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքներն իրենց ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ անդրադառնալով ամանորյա զարդարանքի համար հատկացված գումարին՝ նշեց, որ այն հրապարակվել է, և ավելացրեց, որ մամուլում շրջանառվող շատ թվեր իրականությանը չեն համապատասխանում:
Հարցին՝ կա՞ն հաշվարկներ, թե զարդարանքների արդյունքում որքան վնաս է կրել քաղաքը, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, որպես այդպիսին, քաղաքը վնաս չի կրել: Այն թեմաները, որոնք շրջանառվել են համացանցում, այն նկարները, որոնք որ տարածվել են, նաև այդ պատկերները կապվել են այն աշխատանքի հետ, որն իրականացնում է քաղաքապետարանը, դա իրականության հետ գրեթե կապ չունի: Մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ՝ բոլտը, դա մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի: Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել և այդ վնասները նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ նաև այդ հարցերին: Որպես այդպիսին՝ իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար: Որպես այդպիսին, քաղաքին վնաս չկա հասցված»:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ լրացրեց գործընկերոջ խոսքը ու հետաքրքիր եզրահանգում արեց. «Իրականում ինչ-որ խորը հետաքննության անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի, թե ի վերջո այսօր Հրապարակի շենքերին առկա ձողերը կամ առանձին բացված անցքերը կապ ունե՞ն այս նախագծի հետ, թե՞ ոչ: Պարզ ձև կա դա հասկանալու. եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի: Մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ չենք ունեցել ու չենք ունենա այդ վերաբերմունքը, որ պատկերացնենք՝ կարելի է բոլտ ամրացնել զարդանախշի մեջ: Անգամ եթե ամրացվել է, բա լուսավորությունն ո՞ւր է, եթե կապ ունի այս նախագծի հետ: Դա կապ չունի և չի կարող կապ ունենալ այս նախագծի հետ»:
Հարցին՝ հնարավոր չէ՞ր այլ լուծումներ գտնել, ապահովելու լուսավորությունը, առանց մեկ անցք անելո,ւ Սուրեն Գրիգորյանը պատաասխանեց, որ կոնստրուկցիաները տեղադրվել են բավականին մեծ բարձրության վրա, պետք է ապահովվեր, որ ամուր ամրացված լինեին. «Որովհետև, եթե Աստված չանի, պոկվեր, և քաղաքացի վնասվեր՝ դուք պնդում էիք կատարելու, որ մեր աշխատանքում թերացել ենք: Ամրացված լուսատուներն ունեն երկու պտուտակով ամրացվելու տեղ, բայց բոլորն ամրացվել են մեկ պտուտակով, որովհետև այդպես ամրացնելը բավականաչափ անվտանգություն էր ապահովելու, և միևնույն ժամանակ նվազագույն միջամտություն էր ենթադրելու շենքի համար»:
Իսկ, թե ինչու որոշեցին աշխատել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ՝ մեկ անձից գնման ընթացակարգով. Սուրեն Գրիգորյանը շեշտեց, որ օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում: Նրա փոխանցմամբ՝ ընտրվել է «Սինեմարտ» ընկերությունը, քանի որ, ինչպես նշել են՝ ընդգրկելու են նաև մասնագետների՝ այլ երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այս մասշտաբի լուսավորություն իրականացվում է:
Ասուլիսին հարց հնչեցվեց՝ հարց է, թե լույսերն ո՞վ է միացնելու, Ավինյա՞նը, թե՞ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ավելին, նշվում է, որ սա արվում է քարոզարշավի համար, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Այն բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվում են Երևանում՝ իրականացվում են երևանցիների համար: Տևական ժամանակ է՝ քաղաքում չունենք տոնական տրամադրություն, և կարծում եմ, մեր երեխաներին այդ պարտքն ունենք՝ վերադարձնել տոնական տրամադրությունը, որովհետև ծանր, լարված միջավայրում ապրել շարունակելը հասարակության համար դժվար է: Չեմ հերքում՝ ունենք 1000 ու մեկ խնդիր, բայց ես չեմ ուզում, որ միախառնենք հարցերը մեկ տեղում: Այո, երկու տարի է, չունենք տոնական տրամադրություն, տոնական միջոցառումներ, այս տարի, կարծում եմ, դրա կարիքը կա»: