Երիտասարդական 8-րդ գիտաժողովը նվիրվեց անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը դեկտեմբերի 1-3-ը կիրականացնի երիտասարդական 8-րդ գիտաժողովը՝ նվիրված անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին:
Եռօրյա գիտաժողովին, որի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 1-ին Մատենադարանում, միջնադարագիտական ուղղվածությամբ թեմաներով զեկույցներ կներկայացնեն հնագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, ձեռագրագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ այլ երկրներից:
Գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ Մատենադարանում ամեն տարի կազմակերպում են Երիտասարդական գիտաժողովը, որն ուղղվածությամբ միջնադարագիտական է: Եթե տվյալ տարում կա հոբելյար կամ նշանակալի առիթ, այդ տարվա գիտաժողովը նվիրում են հոբելյարին կամ հոբելյանական իրադարձությանը: Պատիվ են համարում 8-րդ գիտաժողովը Արտաշես Մաթևոսյանի հոբելյանին նվիրելը:
«Եռօրյա գիտաժողովին մասնակցելու Է 3 տասնյակից ավելի հետազոտող հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից: Թեև գիտաժողովը երիտասարդական է, մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում գործող, կայացած հետազոտողները: Ներկայացնում են իրենց ուսումնասիրությունների արդյունքները կամ հետազոտության ընթացքը: Այդպես բացվում է միջնադարագիտական միջավայր՝ հետաքրքիր բոլոր կողմերից»,-նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ առիթ եղել է հոդվածները հրատարակելու ժողովածուով, բայց արդեն մի քանի տարի է՝ մասնակիցների զեկույցներից լավագույնները լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսում:
Գիտաժողովի կազմակերպիչը կարևորեց այն փաստը, որ բազմաթիվ երիտասարդներ իրենց գիտական ուղին սկսել են՝ մասնակցելով իրենց գիտաժողովին, որտեղ առաջին անգամ են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքները, ստացել են ավագ գործընկերների խորհուրդները, տարիների ընթացքում հնարավորություն են ունեցել կատարելագործվելու: Նրանցից շատերը, ինչպես և Խաչիկ Հարությունյանը, գիտության թեկնածուներ են և շարունակում են մասնակցել գիտաժողովին:
Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, որն Արտաշես Մաթևոսյանի որդին է, կարևորեց գիտաժողովի անցկացումն ու հիշեցրեց, որ հայրը շուրջ քսան տարի աշխատելով Մատենադարանի ձեռագրատանը՝ զբաղեցրել է Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնը և խորությամբ ուսումնասիրել հայերեն ձեռագրերն ու դարձել այդ ոլորտի առավել ճանաչված մասնագետներից մեկը։
Նա շեշտեց, որ Մաթևոսյանի 100-ամյակին Մատենադարանը հրատարակել է նրա աշխատությունների ժողովածուն: Այն բաղկացած է երկու մասից. առաջինը ձեռագրագիտական, երկրորդը՝ պատմաբանասիրական, որոնցում ներկայացված են հեղինակի հոդվածները, աշխատությունները՝ նվիրված հայերեն ձեռագիր մատյանին, գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին՝ 1000-ամյա թղթյա ձեռագրին, «Մշո Ճառընտիրին», «Թարգմանչաց Ավետարանին», ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկում մի կարևոր ճշգրտմանը, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին, որը կորած է համարվել, սակայն Մաթևոսյանն ուսումնասիրել է ու ցույց տվել, որ այդ գրքից որոշ հատվածներ պահպանվել են, որոնք հրատարակել է, Անանիա Շիրակացու «Քննիկոնին» և այլն:
Կիլիկյան նշանավոր «Հեթումի Ճաշոցի» մասին ծավալուն հոդվածը հրապարակվում է առաջին անգամ: «Հեթումի Ճաշոցի»-ն հայ ձեռագրական մշակույթի գլուխգործոց մատյան է՝ ճոխ նկարազարդումներով: Գրքի վերջում զետեղված է հեղինակի աշխատությունների ամբողջական մատենագիտությունը:
Մատենադարանի գիտական մասնաշենքի չորրորդ հարկում հնարավոր է ծանոթանալ Արտաշես Մաթևոսյանին նվիրված ցուցադրությանը, որում հանգամանորեն ներկայացված են նրա հրատարակություններն ու թողած ժառանգությունը:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով էլ 1960-ականներին, երբ երկրում գիտության զարգացման համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, գիտնականների տաղանդը ծաղկում էր ապրում: «Այդ գիտնականներից էր Արտաշես Մաթևոսյանը: Նրանք կարողացան ստեղծել այն ամենի հիմքերը, ինչն այսօր փորձում ենք պահպանել: Մենք շատ հետևողական ենք ու լինելու ենք հետևողական՝ մեր բոլոր երախտավորներին հիշելու, նրանց ժառանգությունն արժևորելու ու կամուրջ ստեղծելու այսօրվա սերնդի ու այն ժամանակվա միջև»,-հավաստիացրեց Մատենադարանի տնօրենը: