2023 թվականից փուլային տարբերակով կհայտարարագրվի քաղաքացիների եկամուտները. Ֆինանսների փոխնախարար

Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի  վերաբերյալ քննարկման ընթացքում, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ համակարգը կներդրվի 2023 թվականից, փուլային տարբերակով քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները։

Ըստ փոխնախարարի, փուլային տարբերակով 2023 թվականը կլինի ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման առաջին տարին, հայտարարագրերը կներկայացվեն տարեկան պարբերականությամբ։

«Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, որը հայտարարատուի կողմից կարող է ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակներ։

Փուլերի շրջանակները սահմանելու առումով, որոշակի տրամաբանություն դրված է, առնվազն երկու ուղղություն կարող եմ ներկայացնել։

Կարդացեք նաև

Առաջինն այն անձինք են, որոնք մի հանրույթի մաս են, որոնք արդեն իսկ «Հանրային ծառայության» մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր։ Խոսքը գույքի, եկամուտների շահերի հիման վրա որոշակի ծախսերի հայտարարագրերի մասին է»,- նշեց Արման Պողոսյանը։

Ֆինանսների փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսնում են ունենալ հայտարարագրերի ռեեստրի փոխգործելիության և փոխճանաչման սկզբունք, հասնելու համար այն նպատակին, որ պաշտոնատար կամ նրան փոխկապակցված անձը չներկայացնի երկու հայտարարագիր։

«Այս պահին դեռևս որոշված չէ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո՞վ, թե՞ ՊԵԿ, բայց այն տրամաբանությամբ, որ ՊԵԿ-ը կարողանա կարդալ։

Հայտարարատուների երկրորդ խումբը, ըստ էության, ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ փոխկապակցված անձինք են՝ որպես ուշադրության արժանի խումբ։ Խոսքը վերաբերում է  այն անձանց, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման համար տարեկան ունեցել է 1 մլրդ և ավելի իրացման շրջանառություն։

Նախատեսվում է  այս խումբ անձանց միացնել նաև մարդկանց, որոնք քաղաքացիական պայմանագրով աշխատանքներ են իրականացնում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձանց, որոնք աշխատանքային պայմանագրերի հիման վրա համարվելու են վարձու աշխատողներ։

Իսկ վերջին՝ երրորդ տարում հայտարարագիր կներկայացնեն մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները»,- ընդգծեց Արման Պողոսյանը։

Քննարկման մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ քննարկումը որոշակի փուլից հետո պետք է փակ ընթանա՝ առանց լրագրողների,  իրենց թողնելով քննարկման մասնակիցների հետ, որպեսզի «տետատետ ինչ ուզեն՝ ասեն», ինչից հետո անցան փակ ռեժիմով քննարկման։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս