«Աստված մի արասցե, վաղը մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ». Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերը կարող են նշվել որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից: Քվորումի առկայության դեպքում՝ նիստը վարողը հրապարակելու է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ օրակարգային չզեկուցվող հարցերը և զեկուցվող հարցերի քննարկման հաջորդականությունը: Նախագիծն այսօր ընդունվեց 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ավագանու նիստում ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ նախապես կնշվեն հարցերը, որոնք, ըստ քաղաքապետի, կարող են քննարկվել չզեկուցվող ընթացակարգով, իսկ, եթե ավագանու անդամը որևէ դիտարկում կունենա, ապա առաջարկը կդրվի քվեարկության:

«Թաքուն պահելու, ավագանու անդամներին լռեցնելու նպատակ նախագիծը չունի»,- շեշտեց Սուրեն Գրիգորյանը:

«Ինձ համար տարօրինակ է, որ գործադիրը բերում է նախագիծ, որը պետք է սահմանի, թե ինչպես աշխատի օրենսդիրը: Բացի այդ՝ հստակ նշած չկա, թե ինչ բնույթի նախագծերը կարող են չզեկուցվող համարվել: Իսկ օրվա քաղաքային իշխանությանը, որը մեծամասնություն է ավագանիում, դա թույլ է տալու՝ ինչ ուզեն՝ մտցնեն չզեկուցվողի տակ»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը:

Կարդացեք նաև

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց. «Ո՞նց եք պատկերացնում, եթե նախագիծ դնեք շրջանառության մեջ, ես գամ, թակեմ ձեր դուռը, ասեմ՝ պարոն Գրիգորյան, որ խնդրեմ՝ ժամանակ կգտնե՞ք այս նախագիծը քննարկենք: Սա շատ վիրավորական է, դուք որոշում եք՝ մենք ինչ անենք»:

Ավագանու մեկ այլ անդամ՝ Սերգեյ Գյոզալյանը, հայտնեց, որ վտանգավոր գործիք են տալիս ապագա քաղաքային իշխանություններին, որը չգիտեն՝ ինչպես կձևավորվի:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կարող է իր փորձով կիսվել՝ մասնավորապես նշելով, որ համադրելի չեն Կառավարության, ԱԺ և ավագանու նիստերը:

«Եկեք պատկերացնենք՝ ինչպիսի հարցեր կարող են չզեկուցվող լինել: Ամենայն հավանականությամբ, այն հարցերն են, որոնք զեկուցվում են, հարցեր չկան, քննարկում չկա, միաձայն անցնում է: Համեմատելի չէ կառավարության հետ, քանի որ ընդդիմություն չկա այնտեղ: Եվ Աստված մի արասցե, վաղը ինչ-որ մի նոր իշխանություն է ձևավորվում, որն ուզում է հրապարակային… այո, մութ ուժերը հետ են գալիս և ուզում են հրապարակային քննարկումներից զերծ մնալ, ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը հնարավորություն ունի բարձրաձայնել հարցը, մեծ աղմուկ բարձրացնել, քան այն զեկուցվող լիներ ի սկզբանե: Այո, փոքրիկ ռիսկեր կան, բայց գաղտնի ընթացակարգի մասին չէ, ուղղակի եթե քննարկում չեն ենթադրում, կարողանում են ժամանակը խնայել»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Լրահոս