13.5 միլիոն դրամով մարդատար մեքենան ո՞ւմ համար է ձեռք բերվում. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետին
Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել մի շարք փոփոխություններ: Նախատեսվում է Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 450.0 հազ. դրամով և այն ուղղել ամառային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած թվով 3 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ 14,235,848.7 հազ. դրամով, որը արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: Նախագծով նախատեսվում է նաև 29,081.6 հազար դրամի չափով եկամուտների ավելացում «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրում, ինչը պայմանավորված է Երևանի ենթակայության թվով 3 թանգարաններում մուտքի վճարների կանխատեսվող ցուցանիշներից ավել հավաքագրմամբ, ինչը կապված է նաև տոմսերի գնի ավելացման հետ, ինչպես նաև նույն գումարի չափով համապատասխան փոփոխություն ծախսային մասում։
Նախագիծը ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց. «Երևանի քաղաքապետարանը գնման հայտ է ներկայացրել՝ 13.5 միլիոն դրամով մարդատար մեքենա են ուզում ձեռք բերել, ուզում եմ հարցնել՝ դա ծառայողական մեքենա՞ է մեկ անձի համար: Ո՞ւմ համար է ձեռք բերվում: Կխնդրեի հիմնավորել գնման հրատապությունը»:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արձագանքեց՝ ասելով. «Գումարի մեծությունը, կարծում եմ, տեխնիկական պայմանների հետ է կապված, բայց ընդհանուր առմամբ ունենք հետևյալ խնդիրը. քաղաքապետարանում ունենք մեքենաներ, որոնց համար ամեն տարի ծախս ենք իրականացնում: Եվ կան ավտոմեքենաներ, որ այդ ծախսը նպատակահարմար չէ: Եթե ամեն տարի մեկ մեքենայի վրա պայմանական մոտ 2 միլիոն դրամի ծախս ենք անում, ու մեքենայի տարիքը 10 տարի է, դա նշանակում է, որ կարող ենք ձեռք բերել նոր մեքենա և ծախսն ավելի քիչ լինի: Եթե չեմ սխալվում, էլեկտրական մեքենա պետք է լինի: Կոնկրետ ինչ-որ մեկի համար ձեռք չենք բերում, քաղաքապետարանի անվամբ են լինում ավտոմեքենաները, ապա այն բաշխվում է վարչական շրջանների կամ տարբեր ծառայությունների, որոնք իրականացնում են համապատասխան աշխատանքը»: