Գիտական մտավորականների նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում
Նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի խումբ գիտական մտավորականների նախաձեռնությամբ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացման լեգիտիմությունը և նրա հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում, որին մասնակցել են գիտակրթական ոլորտի մի շարք մասնագետներ։
Քննարկման կազմակերպման նպատակն է Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող իրավական փաստաթղթերի հիման վրա ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացումը օրինական է, իսկ Արցախի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունները զուրկ են իրավական հիմքից և դա ապացուցող փաստարկները պետք է ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում։
Քննարկումը վարել է նախաձեռնող խմբի անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը: Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Հանդիպման ավարտին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը բովանդակալից ու արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին՝ կարևորելով նման նախաձեռնությունները։