Բաժիններ՝

Նորագույն տեխնոլոգիաները՝ մեդիա ոլորտի զարգացման արագացուցիչներ․ Համաշխարհային մեդիա կոնգրեսի աշխատանքները կլինեն շարունակական

Նորագույն տեխնոլոգիաներն ու դրանց շարունակական զարգացումը ժամանակակից աշխարհում լինելու են մեդիա ոլորտի կարևորագույն դերակատարները։ Այսպիսին էր տարբեր փորձագետների, լրագրողների ու սոցիալական մեդիայի ներկայացուցիչների եզրահանգումը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում նոյեմբերի 15-17-ը անցկացվող Համաշխարհային մեդիա կոնգրեսի (Global Media Congress) ընթացքում։

Առաջին անգամ կազմակերպվող կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էր մեդիա ոլորտը ներկայացնող ավելի քան 1200 մարդ, կազմակերպվել են մի քանի տասնյակ քննարկումներ, սեմինարներ ու աշխատարաններ (workshop):

Մասնակիցներն ընդգծեցին էին, որ նորագույն տեխնոլոգիաները կարող են ինչպես օգնել մեդիաների աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց «ֆեյք» լուրերի դեմ պայքարի ու փաստերի ստուգման մեխանիզմների անհրաժեշտությանը։

Կոնգրեսի աշխատանքների ընթացքում խոսվեց մեդիագրագիտության և այս տեսանկյունից գրագետ հասարակություններ կրթելու անհրաժեշտության մասին։ Մասնագետները նշեցին, որ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները պատասխանատու են մեդիագրագետ հանրություն կրթելու գործում, քանի որ սխալ փաստերի վրա հիմնված, ֆեյք լրատվությունը լրջագույն անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել երկրների համար։

Ներկաները փաստեցին, որ հարկավոր է ավելի մեծ ներդրումներ իրականացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստումների ու մասնագիտական որակների բարձրացման համար՝ օժտելու նրանց փաստերի ստուգման ավելի լայն հնարավորություններով, ինչն իր հերթին կնպաստի բարձրորակ ու հավաստի բովանդակության ստեղծմանը։

Կոնգրեսը կազմակերպվել էր ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչներն էին Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունը (WAM)։

Կազմակերպիչները հայտնել են, որ հաջորդ կոնգրեսը կկազմակերպվի 2023 թվականի նոյեմբերի 14-16-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս