Գերմանիայում հոկտեմբերին արտադրողական գները 4,2 տոկոսով անսպասելիորեն ընկել են սեպտեմբերի համեմատությամբ
Գերմանիայում հոկտեմբերին արտադրողական գներն ամսական արտահայտությամբ 4,2 տոկոսով ընկել են՝ նվազում գրանցելով 2020 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ: Այդ մասին ցույց են տվել Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները:
Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն աճի էին սպասում միջին հաշվով 0,9 տոկոսով: Տարեկան արտահայտությամբ արտադրողական գների աճի տեմպերը սեպտեմբեր ամսվա 45,8 տոկոսից դանդաղել են մինչեւ 34,5 տոկոս, երբ ցուցանիշն առավելագույնն է եղել 1949 թվականին հաշվառումներ անելու սկզբից ի վեր:
Փորձագետներն սպասում էին ավելի չափավոր դանդաղում՝ մինչեւ 41,5 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Գերմանիայում էներգակիրների արժեքը հոկտեմբերին աճել է 85,6 տոկոսով՝ սեպտեմբերին ավելի քան կրկնակի (132,2 տոկոս) ավելանալուց հետո: Այդ թվում՝ բնական գազը թանկացել է 2,3 անգամ (125,6 տոկոսով), էլեկտրաէներգիան՝ 2 անգամ (90,3 տոկոսով):
PPI ինդեքսի բարձրացումն առանց էներգակիրների արժեքի հաշվառման կազմել է 13,7 տոկոս: Միջանկյալ ապրանքների արտադրողական գներն ավելացել են 15,9 տոկոսով, այդ թվում՝ մետաղներինը՝ 21 տոկոսով: Տեւական օգտագործման սպառողական ապրանքների արժեքի աճը կազմել է 11,3 տոկոս, արտադրության միջոցներինը՝ 7,8 տոկոս: