Բաժիններ՝

Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային հատվածը վերականգնելու աշխատանքները

Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային հատվածը վերականգնելու նախապատրաստական աշխատանքները: Տերյանին նվիրված «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» միջոցառման շրջանակում կազմակերպված շրջայցի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) տնօրեն Սամվել Մկոյանը:

«2021-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի և բարերարների աջակցությամբ առաջին փուլով վերականգնվեց Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը: Այժմ երկրորդ փուլով մեկնարկել ենք հուշային մասը վերականգնելու նախապատրաստական աշխատանքները: Իրականացրել ենք գեոդեզիական հետազոտություններ, մշակում ենք վերջնական նախագիծը՝ տեսնելու, թե հուշային մասն ինչ տեսք կունենա: Կարճ ժամանակ անց նախագիծը վերջնական տեսքով կլինի, որից հետո կանցնենք շինարարական աշխատանքներին»,- մանրամասնեց նա:

Թանգարանի գիտաշխատող Լիզա Աբգարյանի խոսքով՝ հուշային մասի վերականգնումն անհրաժեշտություն է: Նկատելի է, որ պատերը խոնավ են, տեղ-տեղ փլուզումներ կան: Խոսելով թանգարանի այցելուներից՝ Աբգարյանը նշեց, որ նրանց հիմնական մասը Հայաստանից են, ունեն նաև օտարազգի այցելուներ, այդ թվում՝ վրացիներ:

Շրջայցի շրջանակներում հյուրերին հնարավորություն տրվեց ծանոթանալ Ջիվանու տուն-թանգարանին, տեսնել Փարվանա լիճը, հիանալ Ախալքալաքի տեսարժան վայրերով:

2019 թվականին Տերյանական օրերի շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) հայտարարել էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման պատրաստակամության մասին, քանի որ այն գտնվում էր անմխիթար վիճակում: 2021 թվականին Ջավախքի Գանձա գյուղում բացվեց բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, որն աչքի է ընկնում հարուստ և գեղեցիկ դիզայներական աշխատանքով, եռաշերտ ցուցադրությամբ և նորարարական լուծումներով։

Ցուցասրահում ներկայացվում են Վահան Տերյանի կյանքի 7 կարևորագույն փուլերը. մանկության տարիները, Լազարյան ճեմարանում ուսանողական կյանքը, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հետ ունեցած հանդիպումները, թարգմանչական, գիտական, հասարակական և քաղաքական գործունեությունը, ինչպես նաև՝ իր կյանքի վերջին օրերը Օրենբուրգում։ Ի դեպ, «Arloopa» հեռախոսային հավելվածի միջոցով հնարավոր է «կենդանացնել» ցուցասրահի պատերին նկարված պատկերները։

Համավարակի և պատերազմի պայմաններում ՋԱՀ-ը կարողացել է իրականացնել ծրագրի առաջին փուլը՝ Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը։ Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, իսկ երրորդ փուլով վերականագնվելու է ամբողջ համալիրը։

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս