Բաժիններ՝

«Շուշին հնարավոր չէր գրավել․․․». 2020-ին Շուշիի շրջափակումից դուրս եկած Արորիկը զոհվեց 2022-ին Սոթքում

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 33-ամյա Արորիկ Ստեփանի Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղից էր՝ պայմանագրային զինծառայող։

Արորիկն ունի մեկ քույր և մեկ եղբայր, ինքը միջնեկն էր, ամուսնացած չէր։ Զոհված պայմանագրայինի մորաքույրը՝ Գոհար Խամոյանը, որ նաև Արորիկի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է եղել, 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են որոշել, որ տղային Արորիկ պետք է անվանակոչեն։

«Դուք երևի լսել եք «Քելե լաո» երգը։ Սովետական Միության տարիներին, երբ արգելված էր հայրենիքի մասին գրել, իմ ուսուցիչը՝ Գևորգ Հակոբյանը, որ նաև իմ մորեղբայրն է, գրքեր ունի հայտնի, որոնցից մեկն էլ «Քելե լաո» է կոչվում, որի մեջ «Ծովասարի կակաչներ» վիպասքն է և այդ վիպասքում ինքը  Արևմտյան Հայաստանը կորցրած մեր գյուղի նախնիների պատմությունն է ներկայացրել, իհարկե՝ գեղարվեստական։ Այդտեղ կա մի հերոս, որը որբ է, որ մեծ դաժանությունների միջով է անցնում, Արորիկ էր այդ հերոսի անունը։ Երբ քրոջս տղան ծնվեց, այդ ժամանակ գիրքը լայն տարածում ուներ, գրքի հերոսը շատ սիրված էր բոլորի կողմից, և նրան անվանակոչեցին Արորիկ, գրքի հերոսի անունով։ Այդ հերոսը ինքն իրեն զոհեց, փրկեց ուրիշներին, գնաց, որ բերի փրկությունը, ու նույն ճակատագիրն ունեցավ մեր Արորիկը․․․

Կարդացեք նաև

Այնքան շատ մարդիկ կան, որոնց մենք չենք ճանաչում, եկել շնորհակալություն են հայտնել, որ Արորիկի շնորհիվ իրենց որդիները վերադարձել են տուն․․․»։

Դպրոցն ավարտելուց հետո Արորիկն ընդունվել, ապա ավարտել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Պարտադիր ժամկետային ծառայության ավարտից կարճ ժամանակ անց էլ որպես պայմանագրային զինծառայող՝ աշխատանքի էր անցել Զինված ուժերում, հատուկջոկատային էր։

Արորիկը մասնակցել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, 2019 թվականին էլ  հումանիտար օգնություն ցուցաբերելու առաքելությամբ մեկնել է Սիրիա, 8 ամիս այնտեղ է մնացել։ Բայց ինչպես նրա եղբայրը՝ Գևորգ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, չէր սիրում ծառայության մասին պատմել.

«Իր կատարած գործերից, քայլերից ընդհանրապես չէր սիրում ոչ մեկի հետ խոսել։ 44-օրյա պատերազմին էլ, որ մասնակցում էր, մենք իրենից ոչ մի բան չէինք կարողանում իմանալ․․․

44-օրյա պատերազմի ժամանակ իրենք տեղափոխվել էին Սովետաշենի զորամաս, իրենց հրամանատարի՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, միանգամից մեկնել էին դիրքեր, մինչև վերջ իրենց ջոկատով եղել են Վահագն Ասատրյանի հետ։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 1 օրով եկել է, իրենց հրամանատարի հուղարկավորությանն է մասնակցել, նորից գիշերով վերադարձել է ծառայության։ Շուշիից, որ վերջին մարդիկ դուրս են եկել, իրենց ջոկատն է եղել։ Մինչև այդ տարբեր տեղերում են եղել, վերջին կետը Շուշին է եղել․․․»։

Արորիկն ինչպե՞ս արձագանքեց, երբ Շուշին և շատ այլ հայկական տարածքներ հանձնվեցին թշնամուն, այն տարածքները, որոնց համար ինքն ու իր ընկերները պայքարում էին, և  որոնց համար հազարավոր տղաների արյուն է թափվել, հարցրեցինք Գևորգին․

«Մեծ ցավ էր ապրում, ասում էր՝ պետք է չտայինք, էդքան տղերք ընկան․․․ Որ իրեն հարց էինք տալիս, ոչ մի բան չէր ասում։ Իր դեպքից հետո ծառայակից տղերքից իմացանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մոտակայքում 2 օր շրջափակման մեջ են եղել, հետո դուրս են եկել․․․ Պատմեցին, որ իրենց զինակից ընկերներից մեկը վիրավորվել է, 2 հոգով փորձել են բարձրանալ, որ նրան իջեցնեն ապահով տեղ, գիտակցել են, որ կարող է բարձրանան ու էլ չիջնեն, բայց ամեն դեպքում բարձրացել, 2 օր մնացել են, հետո իրենց խմբից էլի են տղաներ բարձրացել, նոր միասին դուրս են եկել շրջափակումից։ Դրա մասին էլ ինքը ոչ խոսում էր, ոչ՝ պատմում։ Միայն ասում էր՝ հնարավոր չէր Շուշին գրավել․․․»։

 

 

44-օրյա պատերազմից հետո լրացել էր Արորիկի ծառայության պայմագրի ժամկետը, հարազատներն առաջարկել էին՝ դուրս գալ բանակից և այլ աշխատանքով զբաղվել, սակայն հայրենիքին նվիրված սպան պայմանագիրը երկարացրել էր․

«44-օրյա պատերազմի ավարտից հետո ախպերս լեյտենանտի կոչում ստացավ ու որպես հատուկջոկատայինի սպա՝ մեկնեց Վարդենիս, հատուկ գործողությունների վաշտի դասակի հրամանատարն է եղել։ Սեպտեմբերի 9-ին էր դիրքեր բարձրացել, էս հերթափոխն իջնելու էր, արդեն ավագ-լեյտենենատի կոչում էր ստանալու, դառնալու էր վաշտի հրամանատար»։

Արորիկը վերջին անգամ ընկերոջ հետ էր խոսել սեպտեմբերի 10-ին։ Գևորգն ասում է՝ եղբայրը ուշ-ուշ էր տնեցիներին զանգում, չէր սիրում հեռախոսով շատ խոսել, երկար ժամանակ տուն էլ չէր գնացել, պլանավորել էր դիրքերից իջներ և տուն գնար․

«Վերջին անգամ, որ մամայի հետ խոսել էր, մաման ասել էր՝ կարոտել եմ, արի մի հատ տեսնեմ, ասել էր՝ Աստծո հաջողությամբ, որ ստացվի, կգամ․․․»։

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը լսելով թշնամու հարձակման մասին՝ Գևորգն անմիջապես զանգահարել է եղբորը, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Նույն օրը երեկոյան հարազատները մեկնել են Վարդենիս, որպեսզի տեղում որևէ տեղեկություն ստանան․

«Կրակոցները դեռ չէին դադարել, որ հասանք Վարդենիս, բայց առաջվա պես էլ չէին։ Մեզ կոնկրետ ինֆորմացիա չէին տրամադրում, թե ի՞նչ, ո՞նց։ Հետո իրենց հետախուզության պետին հանդիպեցինք, ասաց՝ Արորիկը հրամայել է, որ իր տղերքն իջնեն, ասել է՝ ես մենակով կպահեմ դիրքը, հետո կմիանամ ձեզ, բայց դրանից հետո ոչ մեկը ոչ մի տեղեկություն չուներ։ Մտածում էինք՝ գուցե գերի է ընկել, բայց ծառայակից ընկերներն իրեն ճանաչելով՝ բացառում էին այդ տարբերակը, ասում էին՝ անհնար է․․․»։

Հարազատները երկար ժամանակ փնտրել են Արորիկին, ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների մեջ, բայց ապարդյուն։ Նրա մարմինն ադրբեջանական կողմի մոտ է եղել, և զոհվելուց շուրջ 10 օր անց են միայն փոխանցել հայկական կողմին։ Սպայի մարմինը ԴՆԹ փորձանմուշի համընկնումից հետո՝ հոկտեմբերի 6-ին են փոխանցել հարազատներին․

«Սեպտեմբերի 20-ին 95 հոգու մարիմինները որ փոխանցել էին, ախպերս նրանց մեջ է եղել։ Պետական կառույցների սխալի պատճառով երկար սպասեցինք։ Նկարները, որ Ուլնեցիում (զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով.- Ն․Խ․) հրապարակել էին, գնացինք նայեցինք, N1-ը ես նմանություն տվեցի, ուզում էինք գնայինք տեղում  նայեինք, զանգեինք, ասացին՝ N1-ն արդեն ճանաչել, տարել են։

Բայց, երբ ամսի 6-ին ԴՆԹ-ի պատասխանը եկավ, գնացինք, որ նայեինք, ո՞ր համարն է, պարզվեց հենց N1-ն է։ Այսինքն՝ սխալ ինֆորմացիա էին տվել, որ ասել էին՝ N1-ին ճանաչել, տարել են, պարզվեց՝ չե՛ն ճանաչել, չե՛ն տարել»։

Արորիկ Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ Վերին Սասնաշեն գյուղի գերեզմանատանը։

Հոկտեմբերի 9-ին հուղարկավորությունն է տեղի ունեցել, ընտանեկան գերեզմանատանը։

Տեսանյութեր

Լրահոս