«Երեխաներն իրար մեջ խոսում են՝ գիտե՞ս, Ալեն, պապան կորել ա…». Մոտ 1 տարի առաջ անհետ կորած զինծառայողի կինն ու եղբայրը պատասխաններ են պահանջում
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի գտնվելու վայրն ու նրա ողջ լինել-չլինելու հանգամանքը հայտնի չէ հարազատներին: Պատկան մարմինները ևս 1 տարի անց չունեն պատասխաններ, թե նոյեմբերի 12-ին դիրքերից hետ եկող պատերազմի մասնակից զինծառայողը պատերազմից մեկ տարի անց որտեղ է:
Քննչական կոմիտեում զինծառայողի անհետացման փաստով քրգործ էր հարուցվել նախ դասալքության հատկանիշներով, ապա՝ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել է անհայտ անձը, և դադարեցրել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որով զինծառայողին վերագրվում էր դասալքություն։
Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբոր անհետանալուց հետո թակել է պետական բոլոր մարմինների դռները.
«Մի քանի անգամ գնացել ենք Պաշտպանության նախարարություն, բայց նախարարությունից ասում են՝ գործը Քննչականում է, Քննչականն էլ ասում է՝ սպասեք մեր պատասխանին: Սեպտեմբերի 27-ին դատն է եղել, դատից հետո, սակայն, որոշումը դեռ չի կայացվել:
Ես բոլորից պահանջում եմ իմ եղբոր պատասխանը»:
Հայկ Մանուկյանը նշեց, որ ինքը ևս նախկին պայմանագրային զինծառայող է, այժմ զինհաշմանդամ է ու դժվարությամբ է օգնում եղբոր երեք անչափահաս երեխաներին: Ի դեպ, նա հայտնեց, որ իր զինհաշմանդամության թոշակը երկու տարի անց «կտրել են», իսկ առողջական խնդիրներ ունեցող իր երեխաներից միայն մեկին է պետությունը նպաստ հատկացնում:
Ամուսնու միջադեպից հետո երեք մանկահասակ տղաների հոգսն իր ուսերին կրող Լիանա Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Ասել են, որ գործով դատական նիստի որոշումը կհրապարակվի մինչև հոկտեմբերի վերջ:
Իմ ենթադրությունն ի սկզբանե երկուսն է եղել՝ կա՛մ հակառակորդի կողմից սպանվել է, դին թաքցվել է, ինչպես ներկա պահին հոդվածն է, կա՛մ գերի է, որը դեռևս այն կողմից ոչ հաստատում, ոչ մերժում են («Կարմիր խաչն» ադրբեջանական կողմին վերջին հարցումն ուղարկել է հունիսին, սակայն ոչ «հա»-ի, ոչ «չէ»-ի պատասխան չի եկել)»:
Նա հավելեց, որ դատարանի որոշումից է կախված՝ արդյոք ընտանիքին թոշակ կհատկացվի՞, թե՞ ոչ, իսկ մինչ այդ ընտանիքը ծայրը ծայրին է հասցնում մարզպետարանի, ծանոթների ու անծանոթների աջակցությամբ:
«էստեղից-էնտեղից օգնելով՝ ապրում ենք, բայց մի անգամ օգնողը երկրորդ անգամ դժվար օգնի:
Տղաներս շատ են հիշում պապայի մասին: Ամեն օր հարցնում են՝ պապան ո՞ւր ա, ու ես ինչքան էլ խաբում եմ-ասում եմ՝ պապան աշխատում է, բայց դե, երեխա են, նստում են՝ իրար մեջ խոսում են՝ գիտե՞ս, Ալեն, պապան կորել ա, գիտե՞ս Արման, պապան…
Երբ դեռ դասալքության հոդվածն էր, ասել եմ՝ փախել է, թող գտնեն-բերեն 50 տարի դատեն, ես համաձայն եմ, բայց թող միայն գտնեն: Եթե չեն կարողանում գտնել, ուրեմն պարտավոր են երեխաներին պահելու»,- հուզմունքով ասում է Լիանան:
Հիշեցնենք՝ 33-ամյա Վահե Մանուկյանը ծառայում էր Վայոց ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։
Միջադեպից ամիսներ անց՝ հունվարի 27-ին, երբ դեռ Վահե Մանուկյանին վերագրվում էր «դասալքությունը», ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում։ Նոյեմբերի 12-ին, Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան)։
ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնում։ Ես այդ մասին իմանում եմ Վայոց ձոր կատարած մարզային այցի ժամանակ, այն էլ լրիվ պատահական խոսակցությունից։ Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է:
Գրություն եմ ուղարկել նաև Քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։
Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է։ Պայմանագրային ծառայող է, հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինը իմ հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։
Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել, և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել է հարևան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է։ Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա, ու նրա դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում։ Ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես եմ հասկանում ՊՆ-ից և Քննչականից եկող գրություններից։ Դժվար է ասել, թե իրականում ինչ է պատահել, բայց այս միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։ Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի»։