«Այս նախագծի կիրառումը մանր բիզնեսին թողնելու է երկու ելք». Սամսոն Գրիգորյան
Պետական եկամուտների կոմիտեն «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ՀՀ հարկային օրենսգրքով կիրառվող հասկացությունների ճիշտ կիրառման ապահովման» նպատակով շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև՝ գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թվականից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։ ՊԵԿ-ը բացառություն է արել «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների համար:
Թեև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագծի քննարկման վերջնաժամկետ է նշված նոյեմբերի 30-ը, սակայն հենց առաջին իսկ օրվանից այս նախագիծը սուր քննադատությունների է արժանացել տնտեսվարողների կողմից:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ նախագահ Սամսոն Գրիգորյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին՝ հիշեցրեց, որ նմանատիպ առաջարկ շրջանառվել է նաև տարիներ առաջ, երբ գործադիրի ղեկավարը Հովիկ Աբրահամյանն էր, սակայն այդ ժամանակ տնտեսվարողները նաև պրակտիկորեն են ցույց տվել դրանից բխող բարդությունները մանր բիզնեսի համար, և նախագծի շեմը բարձրացվել է:
Ըստ ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ նախագահի՝ նախագծի կիրառումը մանր բիզնեսին թողնելու է երկու ելք. «Կամ՝ ՀԴՄ սարքի վրա հավաքել այդ կոդերը, ինչը բավականին ժամանակատար է և խնդիրներ կստեղծի յուրաքանչյուր տնտեսվարողի համար, այսինքն՝ հաճախորդները պետք է կանգնեն-սպասեն, մինչև դա հավաքեն, և կամ՝ տնտեսվարողը պետք է գնի թանկարժեք սարքեր, սկանավորում անող ապարատ, շտրիխ կոդ տպող սարք, համակարգիչ տեղադրի, վաճառքի ծրագիր գնի. այսինքն՝ տնտեսվարողի համար շատ մեծ ծախս է դառնում:
Այն ժամանակ, երբ այս խնդիրները ցույց տվեցինք, կառավարությունը որոշեց շեմը դնել 58.5 միլիոնից վերև, այսինքն՝ գոնե այնքան խելամիտ շեմը, որը ենթադրում է, որ նման շրջանառություն ունեցողը չունի տարածքային խնդիրներ և ունի գումարային հնարավորություններ դա ներդնելու համար: Այժմ՝ բերում-իջեցնում են 24 միլիոն՝ արդեն շուկայի, կրպակի մակարդակի վաճառքով զբաղվողների համար»: