«2023թ․ անհրաժեշտ է իրականացնել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն». Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ-ի եզրակացությունը՝ 2023թ․ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։
Ըստ նրա, այս եզրակացությունը կազմելու շրջանակներում ԿԲ-ն առաջնորդվում է բյուջեի ծրագրի միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության և դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացմամբ։
«Այս սկզբունքների ներքո և հաշվի առնելով, որ 2022 թվականի մակրոտնտեսական զարգացումներն ու պետական բյուջեի կատարման գործընթացն արդեն մանրամասն ներկայացվել է կառավարության գործընկերների կողմից, միանգամից կանդրադառնամ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախանշված նպատակադրումներին։
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված կառավարության 5-ամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ։ Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկել ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի ու պարտքի կրճատման տեմպերի արագացում, որի արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն։ Հաջորդ տարի նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը»,- իր խոսքում նշեց Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում և ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից։
«2023 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը ևս կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը, նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը, միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ։
Նախանշված տնտեսական աճի, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավման արդյունքում 2023 թվականի համար նպատակադրվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0,5 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23,7 տոկոս, սակայն պետք է փաստենք, որ վերջինս 0,3 տոկոսով ավելի ցածր է միջնաժամկետի համար թիրախավորված համամասնությունից։
Բացի այս, հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճ, ինչպես նաև 2022 թվականի հարկեր-ՀՆԱ ցուցանիշի համեմատաբար համեստ ցուցանիշները, կարևոր ենք համարում հաջորդ տարի հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման և հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը»,- ընդգծեց Մարտին Գալստյանը։
Այս համատեքստում նա նաև ասաց, որ հաջորդ տարի թե՛ տնտեսական աճին նպաստելու, թե՛ ծախսերի կառուցվածքի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումների ներքո, նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասնելով 21,9 տոկոսի։
«Հարկ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից։ Ուստի անհրաժեշտ ուշադրության է արժանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնի պահպանումը և դրան համահունչ ընթացիկ ծախսերի հնարավորինս սահմանափակում, կապիտալ ծախսերի որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացում։ Այսպիսով՝ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա, կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը։ Իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման, որը կկազմի շուրջ 49, 7 տոկոս»,- եզրափակեց Մարտին Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում