Ընդդիմությունն ԱԺ գնալով՝ լեգիտիմացնում է իշխանության կործանարար քաղաքականությունը, մինչդեռ պետք է ստեղծեր քաղաքական ճգնաժամ. Խաչիկ Գալստյան

Իհարկե, խորհրդարանական ընդդիմադիրների սահմանադրական իրավունքն է՝ ազատորեն տնօրինել իրենց տրված պատգամավորական մանդատը, որոշել՝ մասնակցե՞լ խորհրդարանի լիագումար նիստերին, թե՞ ոչ, բայց ինձ համար խորհրդարանական ընդդիմության վերադարձը խորհրդարան անհասկանալի է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով.

«Վերադառնալով խորհրդարան՝ ընդդիմությունը լեգիտմացրեց Ազգային ժողովը, լեգիտիմացնելով Ազգային ժողովը՝ լեգիտիմացնում է իշխանությանն ու նրանց կործանարար քաղաքականությունը։ Իմ կարծիքով՝ ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի, որովհետև ձայների այն հարաբերակցությունը, որը կա, նրանց սահմանադրական լծակներ չի տալիս՝ իշխանությունների գործողությունների վրա ազդելու համար։

Իմ կարծիքով՝ փողոցն ավելի արդարացված էր, փողոցային պայքարն ավելի մեծ ներուժ ուներ, պարզապես, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ փողոցային պայքարն իրեն որոշակիորեն սպառեց, և ընդդիմադիր մեր գործընկերները որոշեցին այդ դատարկությունը լցնելու համար աշխատանքը շարունակել Ազգային ժողովում. դա իրենց իրավունքն է։ Միգուցե նրանք իրենց ընտրողների հետ աշխատանք տարել են, և ընդդիմադիրներին քվե տված մարդիկ պահանջում են, որ նրանք հիմա վերադառնան խորհրդարան, ես դա չգիտեմ, բայց մեր կուսակցության ղեկավարի դեպքում որոշումն այլ էր. Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանդատից՝ փողոցային պայքարի որոշակի հանգրվանից հետո՝ դառնալով արտախորհրդարանական ուժի ղեկավար»,- ասաց Գալստյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ պաշտոնն ու աթոռն ընդդիմության համար չպետք է լինեն ինքնանպատակ, և հարց պետք է դրվի՝ այդ մանդատն արդյո՞ք ծառայում է իր նպատակին.

«Պարզապես պետք է դադարել գլխով պատ ծակել»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով՝ այս խորհրդարանական ընդդիմությանը քաղաքացիները ձայն են տվել իշխանությանը վռնդելու համար, բայց այդ գործը ձգձգվում է, իսկ այս ընդդիմությունն այս համամասնությամբ խորհրդարանում դրան հասնելու իրավական լծակ չունի։

«Ուստի ընդդիմության գերակա խնդիրներից մեկը քաղաքական ճգնաժամ ստեղծելը պետք է լիներ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պետք է թողնեին խորհրդարանում իրենց հպարտ միայնության մեջ՝ բարդ դրության մեջ դնելով իշխանությանը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս