Պաշտպանության նախարարությունը կաշկանդվա՞ծ է պարզաբանել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը
Հոկտեմբերի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Առաջին ալիքի եթերում հարցին՝ կկարողանա՞նք միջազգային դիտորդների առաքելության ընթացքում հասնել ադրբեջանական զորքերի հետքաշմանը ՀՀ սուվերեն տարածքից, պատասխանել էր՝ «ես կարծում եմ՝ զորքերն էապես հետ քաշված են»:
Հակադարձմանը՝ սահմանի այն երկայնքով, որտեղից նե՞րս են մտել, Ա. Քոչարյանը արձագանքել էր. «Երկայնքով դեռ իրենք կմնան, որովհետև դա միայն դիտորդական առաքելությամբ չի լուծվելու։ Դա կլուծվի այն ժամանակ, երբ կհաստատվի այնպիսի իրավիճակ, որ հակառակորդն այլ տարբերակ չի ունենա, երբ կարձանագրվի, որ 29.800 քկմ տարածքը Հայաստանինն է, և ինքը դա կընդունի»:
Հոկտեմբերի 26-ին 168.am-ը Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարության առնչությամբ, բառացի մեջբերելով այն՝ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն.
1. Խնդրում ենք պարզաբանել, թեինչ ասել է՝ «էապես հետ են քաշվել»-ը, ո՞ր հատվածների մասին է խոսքը, ո՞ր ժամանակահատվածում ադրբեջանական առաջխաղացումների հետքաշման: Ադրբեջանը վերջին անգամ ՀՀ սուվերեն տարածքէ մտել սեպտեմբերի 13-14 գործողությունների արդյունքում, կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը սեպտեմբերյան գործողությունների համատեքստում առաջխաղացումներից հետ քաշվելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու մասին է:
Մոտ երկու շաբաթ հետո մեր հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունըուղարկած գրության մեջ խուսափել է պատասխանել մեր հարցին:
«Ի պատասխան 26.10.2022 թվականի գրության առաջին հարցին՝ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տված հարցազրույցի ընթացքում հնչեցված կարծիքի պարզաբանումը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակից»:
Նախ՝ նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ թե կարծիք է հայտնել, այլ իր ասածը որոշակի տեղեկություն է պարունակում, և մենք խնդրել էինք հաստատել կամ հերքել տեղեկության իսկությունը:
Այսինքն, տվյալ պարագայումէական չէ՝ ով է ասողը, մյուս կողմից, տեղեկություն հայտնողը պատահական մեկը չէ, այլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, և պետք է հասկանալ՝ ինչ կերպ են համագործակցում ԱԺ պաշտպանական հարցերի հանձնաժողովը և Պաշտպանության նախարարությունը, արդյո՞ք տեղեկատվական հակասություններ չկան, ինչի հետ բախվել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր.
«Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:
Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»:
Այստեղ, իհարկե, ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին է խոսքը, բայց պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ինքն է այս հարցով բանակցողը: Միգուցե խոսքը դիրքային հետքաշման մասի՞ն էր, որին կամ հասել են, կամ չեն հասել:
Իսկ պաշտպանության նախարարության՝ մեր հարցմանը պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ կառույցը կաշկանդված է պարզաբանելու Անդրանիկ Քոչարյանի ասածը, ով ԱԺ-ում Սուրեն Պապիկյանին մշտապես փորձում է պաշտպանել լրագրողներից, այնպես, ինչպես ժամանակին դա անում էր, երբ Վաղարշակ Հարությունյանն էր Պաշտպանության նախարար: Գո՞ւցե այսօրվա ղեկավարով Պաշտպանության նախարարությունը ստիպված է հերքել:
Ի դեպ, վերջին շրջանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքից դիրքային հետքաշման վերաբերյալ որևէ խոսք չի ասել, անգամ, երբ հայտնել է շրջափակման մեջ մնացած ադրբեջանական խմբի հեռանալու մասին:
Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը կաշկանդված չի եղել փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը՝ դուրս գալով սահմանադրական իր առաքելության և լիազորությունների շրջանակից, երբեմն էլ՝ դիմելով ռազմական, մասնագիտական «հնարքների»:
Պարզ է մի բան՝ 44-օրյա պատերազմից որևէ դաս չենք քաղել, բանակը փակ է լրագրողների համար, սակայն, ժամանակ առ ժամանակ իշխանական շրջանակներից, տարբեր տրամաչափի պաշտոնյաներից տարաբնույթ հայտարարություններ են անում, բայց իրականությունն այդպես էլ չի հաջողվում պարզել. ՊՆ-ն կամ լռում է, կամ կաշկանդված է ու տալիս է անորոշ պատասխաններ, ինչ արդյունքում ծագում են նոր հարցեր:
Հ.Գ. Պաշտպանության նախարարությանն ուղղված մեկ այլ հարցի պատասխանին, որը, ի դեպ, ոչ լիարժեք էր և նոր հարցերի տեղիք տվող, առանձին կանդրադառնանք: