Պատրա՞ստ են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները հրաժարվել ՀՀ Սահմանադրության պրեամբուլայից՝ Արցախից ու Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից

Երեկ Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի ու իրավիճակի սրման հետ կապված՝ օրվա երեկոյան լրահոսում աննկատ մնաց Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունը. ընտրվել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմը:

Ըստ այդմ՝ մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:  Հարցազրույցին ներկա են եղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով:

Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:  Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են  Անահիտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արտյոմ Գեղամյանը, Լուսինե Հակոբյանը: Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է Նիկոլ Փաշինյանի հաստատմանը:

Պետք է նշել, որ թեկնածուներից Գուրգեն Աֆրիկյանը չի մասնակցել հարցազրույցի փուլին:

168.am-ն օրեր առաջ մանրամասներ էր ներկայացրել թեկնածուների մասնագիտական գործունեության մասին:

Մեր ընթերցողներին հիշեցնենք՝ ովքեր են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ընտրված անդամները:

Դավիթ Հակոբյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու (ի.գ.թ.), մասնագիտացված է բանկային գործունեության, կորպորատիվ հարաբերությունների, իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման, հողային և կառուցապատման հարաբերությունների ոլորտում:

Ռաֆիկ Գրիգորյան՝ (ի.գ.թ.), 2019թ. հունիսից մի կարճ ժամանակով պաշտոնավարել է որպես արդարադատության նախարարի առաջին տեղակալ: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է եղել փաստացի:

Արտյոմ Գեղամյան՝ (ի.գ.թ.), ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Էդմոն Մարուքյանը ընկերն ու կուսակիցը:

Լուսինե Հակոբյան՝ իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան), «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանի կինը: 2019թ. հունիսից ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային համակարգողն է:

Անահիտ Մանասյան՝ (ի.գ.թ.), սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության ակադեմիայի նախկին պրոռեկտոր, ըստ էության միակ սահմանադրագետն է հանձնաժողովի կազմում:

Պետք է արձանագարել, որ, ինչպես ավելի վաղ նշել էինք, հանձնաժողովը համալրված է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրերով ու համակիրներով, կամ էլ վատագույն դեպքում՝ առաջին պլանի դերակատարների ընկերներով:

Եվ այնուամենայնիվ, «երկրի պայծառ ապագայի տեսլականի» վերաբերյալ ինչ հեքիաթներ էլ որ պատմեն հանձնաժողովի անդամները, նրանք պիտի պատասխանեն ընդամենը մեկ հարցի՝ պատրա՞ստ են արդյոք փոխել ՀՀ Սահմանադրության պրեամբուլան:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- գրված է Մայր օրենքի նախաբանում:

Իսկ սա, մեծ հաշվով, նշանակում է՝ սակարկման ենթակա՞ են արդյոք Հռչակագրում տեղ գտած «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» և «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» նախադասությունները:

Տեսանյութեր

Լրահոս