Ովքե՞ր են փոխելու Մայր օրենքը, ի՞նչ կապեր ունեն, ի՞նչ խնդիր են լուծելու

Մարտի 16-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:

Ըստ այդմ՝ մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:

Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝

1. Արսեն Սարդարյան
2. Լիլիթ Երեմյան
3. Դավիթ Հակոբյան
4. Ռաֆիկ Գրիգորյան
5. Արտյոմ Գեղամյան
6. Գուրգեն Աֆրիկյան
7. Արման Զրվանդյան
8. Լուսինե Հակոբյան
9. Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։
Այս մասին կարդում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ կարգի՝ երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին, հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի:

Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:

Եվ այսպես՝ 9 կամ 10 թեկնածու, որոնցից 5-ին կընտրի Սահմանադրական բարեփոխումների Խորհուրդը: Ավելի առարկայական ասվածը պատկերացնելու համար ընդգծենք, որ, օրինակ, սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը, մասնավորապես, հնարավոր է չընդգրկվի Հանձնաժողովի կազմում, որովհետև, ասենք, կարող է դրան դեմ լինել Դանիել Իոաննիսյանը:

Առհասարակ, ինչպես և ավելի վաղ 168.amնկատել էր, դժվար է պատկերացնել, որ լուրջ մասնագետներ կլինեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում: Մասնագիտական շրջանակներում բոլորն են տեղյակ՝ որևէ լուրջ մասնագետ, սահմանադրագետ չի ցանկանում մաս կազմել այդ գործընթացին: Եվ իսկապես, մեզ համար բավականին բարդ եղավ որոշ թեկնածուների մասին կարծիքներ իմանալ. նրանց պարզապես մասնագիտական շրջանակները չէին ճանաչում, ոմանց մասին էլ առհասարակ ոչինչ չէին լսել:

Բայց փորձեցինք, այնուամենայնիվ, հասկանալ՝ ովքեր են գրելու ՀՀ հաջորդ Սահմանադրությունը և ինչ դարակազմիկ առաջարկներ են ներկայացնելու ՀՀ պետականության փշրանքները պահպանելու համար:

Եվ այսպես՝

1. Արսեն Սարդարյան – փաստաբան, նախկին դատավոր: Ի դեպ, Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այժմ իր իսկ կայացրած դատական ակտի համար կալանավորված Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմի անդամ (եթե դեռ ոչինչ չի փոխվել): Նկատենք, որ վերջինս չէր միացել թմբուկների սիրահար ու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ աջակից, Բորիս Բախշիյանին կալանավորած դատավոր Դավիթ Արղամանյանին բացարկ հայտնելու մյուս պաշտպանի՝ Երեմ Սարգսյանի քայլին:
Արսեն Սարդարյանը եղել է նաև «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի պաշտպանը, ով նախ 2019թ. մեղադրվեց պետությանը 2 միլիարդ դրամ հարկեր չվճարելու համար, անգամ կալանավորվեց, հետո պայմանավորվեց իշխանությունների հետ, գումարը վճարեց ու հիմա խնդիր չունի:

2. Լիլիթ Երեմյան– Այս մասնագետի մասին մեր տեղեկությունները հիմնականում համացանցային են: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կայքից տեղեկացանք, որ միջազգային իրավունքի մասնագետ է, գիտությունների թեկնածու, զբաղվել է ռազմական գործողություններ վարելու նոր միջոցների կիրառության միջազգային-իրավական կարգավորման որոշ հիմնահարցերով: Եղել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականը:

3. Դավիթ Հակոբյան– Համացանցից միակ Դավիթ Հակոբյանը, ում մասին՝ որպես իրավաբանի, ինչ-որ ինֆորմացիա գտանք, փաստաբան է: Փաստաբանների պալատի կայքից տեղեկացանք, որ մասնագիտացված է բանկային գործունեության, կորպորատիվ հարաբերությունների, իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման, հողային և կառուցապատման հարաբերությունների ոլորտում: Առանձնապես լավ չպատկերացնելով՝ ինչ կարող է անել այս մասնագետը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, մտածեցինք, որ սխալվել ենք, ու թեկնածուն այս անձը չէ, այլ Դավիթ Հակոբյան անունով մեկ այլ իրավաբան: Մեր կասկածները փարատեց ինքը՝ Դավիթ Հակոբյանը, ով մեզ հետ զրույցում հաստատեց՝ թեկնածուն ինքն է:

4. Ռաֆիկ Գրիգորյան– 31-ամյա Ռաֆիկ Գրիգորյանը 2019թ. հունիսից մի կարճ ժամանակով պաշտոնավարել է որպես արդարադատության նախարարի առաջին տեղակալ: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է եղել փաստացի: 2018թ. մարտի 5-հունիսի 30-ը եղել է ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամում փորձագետ, 2016թ. սեպտեմբերի 1-ից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, 2013թ. հուլիսի 1-ից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամում պահանջները քննող մասնագետ-իրավաբան: 2011թ. մարտի 1-ից մինչև 2013թ. ապրիլի 1-ը՝ «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերությունում իրավաբան է եղել:

5. Արտյոմ Գեղամյան– Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Ի դեպ, Սահմանադրական բարեփոխումների Խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի ընկերն ու կուսակիցն է, խորհրդարանական վերջին ընտրություններում ԼՀԿ ցուցակի 3-րդ համարը: Արտյոմ Գեղամյանը ընտրություններից առաջ 168.am-ի հետ զրույցում քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ու վերջինիս բառամթերքը:

«Մենք չունենք Արտաքին գործերի նախարարություն, և մեր կառավարությունը և նրա ղեկավարը այնքան ապաշնորհ գտնվեցին, որ չկարողացան մեր արտգործնախարարին համոզել սպասել մինչև ընտրություններ: ՀՀ-ն ոչ միայն զրկված է արտաքին հարաբերություններում ինքնուրույն, իր դեմքով հանդես գալու հնարավորությունից, այլև չունենք արտգործնախարար: Այս պահին Հայաստանը հանդիսանում է զինված հարձակման զոհ, բայց այս մարդկանց խումբը, որը կառավարություն է կոչվում, ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները»,- դեռևս 2021թ. հունիսի 17-ին ասել էր ԼՀԿ-ական պատգամավորի թեկնածուն:

6. Գուրգեն Աֆրիկյան– Այս թեկնածուի մասին նույնպես որոշակի տեղեկություններ քաղեցինք ԲՈԿ-ի կայքից: Հանրային իրավունքի մասնագետ է, գիտությունների թեկնածու, զբաղվել է Սահմանադրական դատարանի՝ այլ պետական մարմինների հետ փոխհարաբերություններով:

7. Արման Զրվանդյան– Փաստաբան է, զբաղվում է միգրացիոն հարցերով, վարչական ակտերի բողոքարկմամբ, միջազգային դատարանին տրվող բողոքների կազմմամբ, բոլոր տեսակի քրեական գործերով:

8. Լուսինե Հակոբյան– «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանի կինը: 2019թ. հունիսից ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային համակարգողն է: 1998-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: 2006թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը` դիպլոմավորված իրավաբանի մասնագիտությամբ:

2007-2008թթ. նա իր մագիստրոսական ծրագիրը՝ եվրոպական իրավունքի ոլորտում, ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանում: Աշխատել է մի շարք հայաստանյան և միջազգային ՀԿ-ներում: Փաստաբանական գործունեության արտոնագիրը նա ստացել է 2011-ին: Այդ ժամանակից ի վեր նա ներգրավվել է բազում դատական գործերում՝ ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա մասնակցել է քաղաքական մեծ հնչեղություն ունեցող այնպիսի քրեական գործերի, ինչպիսիք են՝ «Հարսնաքարի», Վարդգես Գասպարիի, «Սասնա Ծռերի» գործերը: Թե էթիկական տեսանկյունից որքանո՞վ է հանրության համար ընկալելի ամուսինների ներկայությունը միևնույն գործընթացում, կարծում ենք, քննարկման առարկա է:

9. Անահիտ Մանասյան– Սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության ակադեմիայի նախկին պրոռեկտոր, ըստ էության միակ սահմանադրագետն է Հանձնաժողովի թեկնածուների ցանկում, լուրջ գիտնական ու մասնագետ:

Թե ովքեր այս ցանկից կդառնան Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, ցույց կտա ժողովուրդը և Խորհրդի կամքը: Բայց ինչ հիմնավորումներ էլ որ իրենց մասնակցության համար ներկայացնեն թեկնածուները, ակնհայտ է, որ ցանկը համալրված է քաղաքական իշխանության համակիրներով, իշխանության կազմում լուրջ դերակատարություն ունեցող անձանց ընկերներով, ընտանիքի անդամներով, քաղաքական իշխանության կազմում, հետևաբար՝ նրանց հետ պատասխանատվություն կրող ու նրանց համակրող անձանցով:

Ինչ պայծառագույն գաղափարներ էլ որ նրանք ունենան Մայր օրենքի հետ կապված, ինչ ապագա էլ որ կանխատեսեն կամ ցանկանան տեսնել Հայաստանի համար, միևնույն է, այս անձինք ըստ էության պետք է պատասխանեն ընդամենը մի հարցի՝ պատրա՞ստ են արդյոք փոխել ՀՀ Սահմանադրության պրեամբուլան:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- գրված է Մայր օրենքի նախաբանում:

Իսկ սա մեծ հաշվով նշանակում է՝ սակարկման ենթակա՞ են արդյոք Հռչակագրում տեղ գտած «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» և «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» նախադասությունները:

Տեսանյութեր

Լրահոս