G20-ի գագաթնաժողովում ամփոփիչ հայտարարության նախագիծ են պատրաստել
Ինդոնեզական Բալի կղզում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի մասնակիցները պատրաստել են համատեղ հայտարարության նախագիծ՝ գլոբալ խաղաղության կոչ անելով: Այդ մասին հաղորդել է Financial Times հրատարակությունը, որին հաջողվել է ծանոթանալ փաստաթղթի տեքսին:
«Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անթույլատրելի է: Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերը հաղթահարելու ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսականորեն կարևոր նշանակություն ունեն:
Այս դարաշրջանը չպետք է լինի պատերազմների դարաշրջան»,– ընդգծվում է փաստաթղթում:
Հայտարարության տեքստում, մասնավորապես, ընդգծվում է նաև, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը «խորացնում Է համաշխարհային տնտեսության առկա խոցելիությունը», ինչպես նաև «զսպում տնտեսական աճը, մեծացնում գնաճը, խախտում մատակարարումների շղթան, ուժեղացնում Էներգետիկ և պարենային անպաշտպանությունն ու մեծացնում ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգները»:
Փաստաթղթում նշվում է, որ «եղել են իրադրության տարբեր գնահատականներ և այլ տեսակետեր»: Նախքան պաշտոնապես թողարկվելը հայտարարության նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի Մեծ 20-յակի երկրների ղեկավարների կողմից: