«Մեր մոտից տեսանելի չէ, թե ինչ է կատարվում իրենց զբաղեցրած դիրքերում». Ջերմուկի փոխքաղաքապետ
Այսօր խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրապարակային նիստի ավարտից հետո լրագրողները հարց ուղղեցին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, հարցին, սակայն, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց։
168.am-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանից՝ արդյո՞ք քաղաքից տեսանելի է, թե ինչ է կատարվում թշնամու օկուպացրած այն դիրքերում, որոնք գտնվում են Ջերմուկի տարածքում։
Վարդան Սարգսյանը նախ նշեց, որ հարցը Պաշտպանության նախարարության տիրույթում է, այնուհետև հավելեց՝ ամեն դեպքում քաղաքից տեսանելի չէ, թե ինչ է կատարվում թշնամու զբաղեցրած դիրքերում։
«Մեր մոտից տեսանելի չէ, թե ինչ է կատարվում իրենց զբաղեցրած դիրքերում, իրենց դիրքերը հեռվում երևում են, բայց թե այնտեղ ինչ են անում, ինչ է կատարվում՝ տեսանելի չէ մեր մոտից»,- եզրափակեց Վարդան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու արդյունքում, թշնամու զինված ուժերը մի քանի ուղղություններով առաջ են եկել ու դիրքավորվել են, մասնավորապես՝ Ներին Հանդի, Խոզնավարի, Ջերմուկի ուղղություններով։ Ջերմուկի ուղղությամբ ներթափանցել էր նաև ադրբեջանական խումբ, որը, Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ իրենց տեղեկություններով՝ դեռևս այս տարածքում են, մինչդեռ ԳՇ պետը հավաստիացնում էր, որ այդ խումբը հեռացել է։