«Մեր տեղեկություններով՝ ներթափանցած ադրբեջանական խումբը շարունակում է այնտեղ գտնվել, Ջերմուկից հնարավոր է տեսնել». Վայոց ձորի մարզպետ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, հարաբերականորեն խաղաղ է։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ էր միջադեպ գրանցվել, որի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել։
Հարցին՝ թե քանի դիրք են Ջերմուկի ուղղությամբ կորցրել սեպտեմբերի 13-14-ին, Արարատ Գրիգորյանը պաատսխանեց, որ հարցի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է։
«Ես տիրապետում եմ այդ տեղեկատվությանը, բայց լրատվամիջոցներով այդ մասին հնչեցնելը ճիշտ չէ։ ՊՆ-ն, նաև ԳՇ-ն հայտնել են, թե ինչ տարածքներ, ինչ խորությամբ ու լայնությամբ են անցել թշնամու հսկողության տակ»,-նշեց Վայոց ձորի մարզպետը։
Հարցին՝ թե ջերմուկցիներն ասում են, թե իրենք շարունակում են տեսնել Ջերմուկի տարածք ներթափանցած ադրբեջանցիներին, մինչդեռ ԳՇ պետը վստահեցնում էր, որ նրանք հեռացել են, մարզի ղեկավարն ի՞նչ տեղեկություններ ունի, Արարատ Գրիգորյանը պատասխանեց. «Ես տեղեկություններ ունեմ այն, ինչ ԳՇ-ն է ասել, հիմա մեր տեղեկություններով՝ իրանք շարունակում են էդտեղ գտնվել։ Բայց ՊՆ ԳՇ-ի պետը ավելի լավ է տիրապետում, քանի որ բոլոր հնարավորություններն ունեն հետախուզական աշխատանքներ իրականացնել և այլն։ Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է նրանց տեսնել… որոշակի տեսանելի տարածք, բայց թե որ մասից՝ չմանրամասնեմ»: Բայց ՊՆ ԳՇ պետի և մարզպետի ասածների միջև լրագրողների նկատած հակասությունների վերաբերյալ հարցերին Արարատ Գրիգորյանը խուսափեց պատասխանել կամ մեկնաբանություն տալ, միայն ասաց՝ բնական է, ադրբեջանցիների ներկայությունը անհանգստություն առաջացնում է։ «Ուղղակի հնարավոր միջոցառումների ամբողջությունը, որ ձեռնարկել ենք, ողջամիտ դատողություն է տալիս, որ հնարավոր բոլոր ագրեսիաները դիմակայելու հնարավորություններ ունենք»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ԳՇ պետին չի ասել, որ ադրբեջանական խումբը չի հեռացել, մարզպետը նկատեց. «Բերեք այստեղ իմ ու ԳՇ պետի հարաբերությունները չասեմ, զանգով եմ իր հետ խոսում, թե ոնց եմ խոսում։ Դրա համար եմ ասում՝ իրենից ճշտեք, թե ինչ է նկատի ունեցել՝ այդ խումբն ասելով, կամ գնացել է, թե չի գնացել։ Ես խոսել եմ մեր կորպուսի հրամանատարի հետ, մեր աշխատանքն ամենօրյա է, ավելի մանրամասն այս պայմաններում այլ բան չեմ կարող ասել»։
Ի դեպ, հիշեցման կարգով տեղեկացնենք, որ հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ հայտնված «Համապատասխան դիրքային փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Եվ ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»:
Իսկ այսօր խորհրդարանում լրագրողներին տված ճեպազրույցում Վայոց ձորի մարզպետը դժվարացավ ասել, թե ադրբեջանական զինուժից քանի հոգի կա իրենց դիտարկած տեսանելի վայրում: