«Եթե իրենք հարաբերությունների բացակայությունը հարաբերություն են համարում՝ իրենց գործն է». արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան
Նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև իշխանության և եկեղեցու հարաբերություններին, նշելով, որ իշխանության և եկեղեցու պառակտման մասին խոսել ճիշտ չէ, որովհետև իշխանությունն ու եկեղեցին տարբեր մարմիններ են և իրարից անջատ մարմիններ են:
«Եթե այդ խոսույթն ընկալելի է, ուրեմն՝ իշխանության և եկեղեցու, կամ պետության և եկեղեցու հարաբերությունների սխալ ընկալումների վրա ենք մենք հիմնված: Ես պրոցեսը կձևակերպեմ այսպես՝ կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում շատ կարևոր մի բան՝ ձևավորվում են պետության և եկեղեցու նոր հարաբերություններ, և իմ կարծիքով՝ նաև ձևավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ, այդ ձևավորումը տեղի է ունենում հաջող»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք նրա շուրջ հավաքված անձինք այլևս չեն պահանջում Վեհափառի հրաժարականը, որի համար արշավը սկսվել էր 2018 թվականից։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը և վերը նշված հարցերին, ասաց՝ չգիտի, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցու հետ «նոր հարաբերությունների ձևավորում» ասելով։
«Ես նրա ելույթը չեմ էլ լսել, որևէ բառ չեմ լսել, ցանկություն էլ չունեմ։ Չգիտեմ, ինչ նկատի ունի նա, այսինքն՝ հարաբերությունները լավ են, կամ վատ են՝ չգիտեմ։ Ինքը պետք է ասի՝ ինչ նոր հարաբերությունների մասին է խոսքը, էլ ես ի՞նչ ասեմ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։
Հարցին՝ այս իշխանության և եկեղեցու հարաբերություններն այժմ նորմալ հունո՞վ են ընթանում, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց.
«Հարաբերություններ՝ որպես այդպիսին, չկան, չկա հարաբերություն, որպեսզի բնորոշես լավ կամ վատ, բայց քանի որ հարաբերություն չկա, դա արդեն վատ է։ Ոչ թե հարաբերություններն են վատը, վատ է, որ հարաբերություններ չկա։ Եթե իրենք հարաբերությունների բացակայությունը հարաբերություն են համարում, իրենց գործն է, եթե իրենք գոհ են գոնե հարաբերությունների բացակայությամբ, դարձյալ իրենց դիրքորոշումն է, բայց սա մեզ չի գոհացնում»։