Ադրբեջանի համար Հայաստանով դեպի Նախիջևան ճանապարհը ցանկացած պահի կարող է բացվել. Փաշինյան

«Շատ կարևոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի, այսպես ասած, նախապայմանը: Դրա լավագույն ձևը գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ խոսում է այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են:

«Եթե նույնիսկ կարող են լինել քննարկումներ՝ բանավոր, դրանք պետք է արտահայտված լինեն, այս կամ այն կերպ, այն տեքստերում, որոնք հրապարակվել են բարձր մակարդակով ունեցած քննարկումների արդյունքում»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում ունեցած իր ելույթը ծառայել է իր նպատակին այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել. «Այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա կարևոր է նրանով, որ թեպետ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, ԱԳՆ-ն արդեն միջանցք բառը չի օգտագործում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է, որը ոչ միայն հետևում է բանավոր հայտարարություններին, այլև փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված և ինչ են դրանք նշանակում»:

Փաշինյանի խոսքով՝ այս ամենի նպատակը էսկալացիա հրահրելը չէ, այլ պայմանավորվածությունները գույքագրելը. «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա, խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է»:

Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում չկա որևէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ պիտի չգործեն այդ ճանապարհները, իսկ Ադրբեջանի ճանապարհներն, ըստ նրա՝ պետք է գործեն Ադրբեջանի օրենսդրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս