«Կանգնած ենք հնարավոր նոր պատերազմի շեմին, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդիկ այս ամենը հասկանում են». Արամայիս Աղաբեկյան

Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։

«Արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը, թերևս, լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենին զուգահեռ՝ Ալիևը նախ հայտարարում է, իբր «Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա»։

Կարդացեք նաև

Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, ստեղծված իրավիճակում ո՞րն է ողջ հայության անելիքը, Արցախն ու Հայաստանն ունե՞ն իրական դաշնակիցներ, որոնք կաջակցեն իրավիճակը հաղթահարելու համար։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։

«Նոյեմբերի 10-ի իր հայտարարության մեջ Ալիևը խոսում էր, թե այս պահից սկսած հիմնախնդիրը լուծված է, այնուհետև իր բոլոր ելույթներում ու բանակցային հարթակներում պնդում, որ Արցախի Հանրապետությունը պաշտպանության բանակ, պետական ինստիտուտներ չպետք է ունենա, և իր կողմից ընդունելի նման թեզեր։ Փաստն այն է, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո երկու տարի է անցել, Արցախի Հանրապետությունն իր որևէ պետական մարմնից, առավել ևս՝ Պաշտպանության բանակից չի զրկվել։

Ինչ վերաբերում է Ալիևի հռետորաբանությանը և բանակցային գործընթացին, ապա եթե պատմական կարճ էքսկուրս կատարենք, կտեսնենք, թե ինչպիսի ընթացք են ունեցել, ինչպիսի սադրանքներ են եղել՝ տեղեկատվական, քաղաքական, քարոզչական, ռազմական։ Այս ժամանակահատվածում, քանի որ կա ուկրաինական կոնֆլիկտի թեժացում կամ որոշակի զարգացումներ, Ադրբեջանը փորձում է այդ ամենն իր օգտին վերաձևակերպել»,- նշեց Արամայիս Աղաբեկյանը։

Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ այժմ Հարավային Կովկասում կա իրանական ճգնաժամ, որը գնալով ստանում է ավելի մեծ ռեզոնանս, հետևաբար՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է իր համար կորզել մաքսիմալ ընդունելին։

«Այն, որ Ադրբեջանի քաղաքականության նպատակը ցեղասպան գործունեությունն է, դրա մեջ կասկած չկա։ Հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ որպես այդպիսին սկիզբը՝ 1988 թվականի իմաստն ու փիլիսոփայությունը ցեղասպանության կանխումն էր, եթե այդ շարժումն ու պայքարը չլիներ, ապա Արցախի ժողովուրդը կենթարկվեին ցեղասպանության։ Այդ փիլիսոփայության շարունակությունը հիմա էլ է կատարվում»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում միակ տարբերակը հայկականության միասնական օրակարգով առաջնորդվելն է, որը գնալով ոչ միայն անհրաժեշտություն է դառնում, այլև՝ միակ ելքը։

«Արցախում, Հայաստանում և սփյուռքում բոլոր հայերը պետք է մի պահ ուշքի գան, հասկանան, որ եթե այդ միասնականությունը չունենանք, ապա կանգնելու ենք կա՛մ պետականության կորստի առջև, կա՛մ հայտնվելու ենք այնպիսի իրավիճակում, երբ այդ պետականությունն այլևս անիմաստ կլինի։ Կանգնած ենք հնարավոր նոր պատերազմի շեմին, կարծում եմ՝ այն բոլոր գիտակից մարդիկ, ովքեր կարողանում են մի քիչ աշխարահաքաղաքական իրողությունները միմյանցից տարբերել, այս ամենը հասկանում են։ Եթե ապագայում որոշակի զարգացումներ լինեն, և մենք այդ զարգացումներին պատրաստ չլինենք, ապա տրամաբանական է, որ իրավիճակից շահած դուրս չենք գալու։ Տարերային որոշակի զարգացումներն ու իրադարձությունները, ցավոք, կարող են բերել նրան, որ տարածաշրջանում նոր պայթյուն լինի, դրան պետք է որ Հայաստանը պատրաստ լինի։ Տարածաշրջանում ցանկացած պայթյուն պետք է որ իր ազդեցությունն ունենա նաև Լեռնային Ղարաբաղի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ այդ զարգացումների դեպքում Հայաստանի իրական դաշնակիցը Իրանն է, դրա մասին են վկայում Իրանի կողմից եղած բազմաթիվ հայտարարությունները։ Իսկ Արցախի հարցում հստակ դաշնակիցը Ռուսաստանն է, որտեղ շահերի համընկում կա։

«Այլ երկրների հետ էլ որոշակի շահեր կան, օրինակ, Հնդկաստանի հետ հստակ տեսնում ենք հարաբերությունների ջերմացում, օրինակ, զենքի առքուվաճառքի, հանդիպումների, որոշակի ենթակառուցվածքներ ունենալու առումով։ Որոշակի շահեր կարող ենք ունենալ նաև այլ ուղղություններով, Արևմտյան երկրների հետ։ Դիվանագիտական քաղաքականության ու ճիշտ կողմնորոշման արդյունքում միշտ էլ կարող ենք հաջողություններ ունենալ։ Այդուհանդերձ մեր շահերը կոնկրետ համընկնում են Իրանի ու Ռուսաստանի շահերի հետ»,- եզրափակեց Արամայիս Աղաբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս