«Մեր օրակարգի գլխավոր հարցը միջազգային իրավունքի իրացման գործընթացի ապահովումն է. Արցախի նախագահը դեմ չի եղել հանձնախմբի ձևավորմանը». Մետաքսե Հակոբյան
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի վերջին Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայաստանում փակ նիստ էր անցկացրել։ Օրակարգի երկու հարցերից մեկը վերաբերել է հատուկ հանձնախմբի ձևավորմանը, որն ամբողջ աշխարհում պետք է ներկայացնի Արցախի հարցն ու արցախահայության իրավունքները։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ հանձնախումբն արդեն ձևավորված է՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Հանձնախումբն արել է երկու հայտարարություն, սակայն հանձնախմբի ձևավորման վերաբերյալ չի եղել Արցախի ԱԺ հայտարարությունը։
«Հանձնախմբի ձևաչափն այնպիսին է, որ անդամների ավելանալու հնարավորություն է տալիս, որպեսզի ներգրավվեն միջազգային հարթակներում դեր ու կշիռ ունեցող անձինք։
Ցավոք, Արցախի ԱԺ-ն այդպես էլ հայտարարություն չարեց, որովհետև առանցքային դերակատարությունն այստեղ Արցախի Ազգային ժողովինն է։ Հանձնախումբը գործելու է Արցախի խորհրդարանի տված լիազորություններով։ Այսինքն՝ այն հնարավորություններից, որից մենք ենք զրկված՝ ներկայանալ միջազգային հանրությանը ու միջազգային հարթակներում, այդ հնարավորությունն ունենալու է այս հանձնախումբը՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորված օրակարգն առաջ տանելով։
Բնականաբար, մեր օրակարգի գլխավոր հարցը միջազգային իրավունքի իրացման գործընթացի ապահովումն է։ Ըստ էության, աշխարհը չի հերքել ու չի էլ կարող հերքել այդ իրավունքը, ինչը կարող է խարխլել նույն հավաքական Արևմուտքի, աշխարհի հիմքերը, կասկածի տակ կդրվեն բոլոր այն օրենքներն ու կարգերը, որոնցով առաջնորդում է հասարակություններին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ հանձնախմբի ձևավորումը բավականին մեծ փուլերով է անցել, նաև դժվար է եղել համապատասխան դաշտի ձևավորումը և բոլորին այդ դաշտում հավաքելը, խոսքն Արցախի ԱԺ քաղաքական ուժերի մասին է։
«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ համաձայնեցված է հենց ԱԺ քաղաքական ուժերի մեջ, որովհետև ԱԺ-ի կողմից հայտարարություն չտալը հենց դրա ապացույցն է։
Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների կողմից բացահայտ հրահանգը կա՝ արգելանք «Արցախի» բառի հետ կապված, շանտաժը։
Մենք գիտակցում ենք, որ Արցախի հարցը ոչ թե զուտ Արցախ վերադառնալուն պիտի վերաբերի, այլ սա ընդհանուր անվտանգային համակարգ է, որն ուղիղ վերաբերում է Հայաստանին։ Գործընթացը համակարգային չանելու դեպքում, հնարավոր չէ խոսել Արցախ վերադառնալու մասին»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, այսօր Արցախի իշխանություններն այն վիճակում չեն, որ իրարից անջատ գործեն, պետք է բոլոր քայլերը միմյանց հետ համաձայնեցված ու միասնական լինի։
«Հանձնախմբի ձևավորումից, իհարկե, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեղյակ է, սակայն այդ ուղղությամբ որևէ ակտիվ գործողություն չի ծավալել, հանձնախմբին դեմ չի արտահայտվել՝ գիտակցելով, որ ցանկացած ուղղություն պետք է օգտագործել ի շահ Արցախի ու Հայաստանի։
Արցախի ԱԺ պատգամավորներից որևէ մեկը հանձնախմբում չկա՝ դա եղել է պատգամավորների որոշումը, որոնք, սակայն, աջակցելու են հանձնախմբի ցանկացած աշխատանքի»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։