«Կրակոցները եղել են մեր դիրքերի ուղղությամբ, տեղյակ չեմ՝ ինչ զինատեսակներ են օգտագործել». Կուտականի վարչական ղեկավար

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել էր, որ Ադրբեջանը կրկին կրակել է Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ։

«Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն ասաց, որ կրակոցները գյուղին չեն հասել։

«Կրակոցները եղել են մեր դիրքերի ուղղությամբ, տեղյակ չեմ՝ ինչ զինատեսակներ են օգտագործել, բայց դրանք գյուղին չեն հասել։

Այդ կրակոցները վերջին շրջանում մշտապես սահմանին են, գյուղի ուղղությամբ չեն, մենք կրակոցների ձայներն էլ չենք լսել»,- նշեց Կուտականի ղեկավարը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին, Ադբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու ընթացքում, Կուտականի հատվածում՝ թշնամու հսկողության տակ գտնվող տարածքներում եղել էր հայ զինծառայողի դի, այս մասին հոկտեմբերի 31-ին ասել էր նաև ԳՇ պետը, հավելելով, որ որևէ կերպ չեն կարողանում մուտք գործել այդ տարածք՝ զինծառայողի դին հանելու համար։

Այդ հարձակման ժամանակ բազմաթիվ խաղաղ բնակավայրեր են տուժել, այդ թվում՝ Կուտականը, որը թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։

Տեսանյութեր

Լրահոս