«Սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք․ Ադրբեջանը ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների։
«Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքն ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց ինչպես Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում