«Ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի սուբսիդավորումը տեղի ունենա, որովհետև լուծում է ոչ միայն սոցիալական, այլև անվտանգային ու քաղաքական հարցեր». Մետաքսե Հակոբյան

Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում տեղի էր ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ քննարկում։ Խնդիրն այն է, որ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն առաջարկել էր այլևս չսուբսիդավորել բնակիչներին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, թե այդ գումարը դեպի ուր պետք է ուղղեն՝ ԱԺ-ում պատգամավորները որևէ պատասխան չէին ստացել։ Թեպետ ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները պնդել էին, որ պետությունը պետք է սուբսիդավորի, սակայն Տարածքային կառավարման նախարարը հակառակն էր պնդել։

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ քննարկումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ այն, ինչ առաջարկում էր Հայկ Խանումյանը, ուղղակի հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում քաղաքացիների սոցիալական խնդիրներն ավելի կխորանան։

«Արցախի Հանրապետությունն իր հռչակումից ի վեր սուբսիդավորել է էլեկտրաէներգիան, սա մշտական բնույթ է կրել, այստեղ մշտապես բնակիչները սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել են 25 դրամ։ Հիմա, պատերազմից հետո, երբ Արցախում ամեն երկրորդ բնակիչը բնակարանի ու ապրելու խնդիր ունի, հանկարծ կառավարությունը նման որոշում է ընդունում, որ չի սուբսիդավորելու էլեկտրաէներգիան։ Սա մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջին մենք  նախագիծ ներկայացրեցինք, առաջարկեցինք չդադարեցնել էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը, դրան զուգահեռ՝ առաջարկեցինք շարունակել սուբսիդավորել նաև գազը, ինչպես նախորդ երկու տարիներին։ Այդ օրը կառավարությունը խոստացավ, որ էլեկտրաէներգիան կսուբսիդավորի, սակայն գազի վերաբերյալ պետք է քննարկում անցկացնի։ Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը մշտապես հայտարարում է, որ դեմ է մարդկանց սոցիալական աջակցություն տրամադրելուն, սա ասում է  կառավարության ներկայացուցիչը, որը պատերազմից հետո գումարները պարզապես մսխում էր»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ Մետաքսե Հակոբյանի, ԱԺ-ում քննարկման սկզբում այնպիսի տպավորություններ էին ստեղծել իշխանական պատգամավորները, որ կարծես  կողմ էին սուբսիդավորմանը, սակայն ընթացքում իրենց գործողություններով և պահվածքով հակառակ պատկերը ստացվեց։
«Տարածքային կառավարման նախարարն այլևս չէր կարողանում ԱԺ-ում մեր պնդումներին հակադարձել, դրանից հետո բորբոքվեց Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը, ով թույլ չտվեց հարցեր ուղղենք, ինչից հետո մենք դուրս եկանք դահլիճից։ Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի սուբսիդավորումը տեղի ունենա, որովհետև սուբսիդավորումը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև անվտանգային ու քաղաքական հարցեր։ Այսօր արցախցու համար պետք է կարողանան այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի արցախցին կարողանա ապրել, եթե չլինի արցախցին, ապա ինչպե՞ս են խոսելու Արցախի հարցից»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ բյուջեում գումար չկա՞ սուբսիդավորման համար, մեր զրուցակից պատգամավորը պատասխանեց, որ գումարը կա, քանի որ նախորդ տարվա բյուջեն բավականին մեծ է եղել, թեպետ դրա վերաբերյալ էլ Հայկ Խանումյանի բացատրություններից ԱԺ-ում որևէ մեկը որևէ բան չէր հասկացել։

Տեսանյութեր

Լրահոս