
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իտալիայի ափերի մոտ

Նոյեմբերի 9-ին 5,7 մանիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պեզարո քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ) 35 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:
Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացել են նաեւ որոշ քաղաքների բնակիչներ Լացիոյում, Էմիլիա Ռոմանիայում, Ումբրիայում եւ Վենետոյում: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը Twitter-ում տեղեկացրել է, որ «առայժմ օգնության մասին խնդրանքներ (քաղաքացիների կողմից) կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», կատարվում են ստուգումներ:
Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված է գնացքների երթեւեկությունը: Վերջին հուժկու երկրաշարժն Իտալիայում տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին Ամատիչե քաղաքի շրջանում՝ Լացիոյի, Մարկեի, Ումբրիայի եւ Աբրուցոյի մարզերի սահմանին: Այդ ժամանակ զոհվել է 299 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: