Արդյոք իշխանությունները սա գիտակցո՞ւմ են նման դեմարշներ կազմակերպելուց առաջ, թե՞ ոչ
Հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում վերջին շրջանում խորացող անդունդը, որոշ դրսևորումներով հանդերձ, առայժմ այնքան էլ նկատելի չէ տնտեսական հարաբերություններում։ Բայց այսպես շարունակվելու դեպքում, անհնարին կլինի խուսափել քաղաքական լարվածության տնտեսական հետևանքներից։ Այդ հետևանքները կարող են ի հայտ գալ ցանկացած պահի։ Ու այդ պարագայում մեր տնտեսությունը կարող է կանգնել փլուզման վտանգի առաջ։
Դժվար է ասել, իշխանությունները սա գիտակցո՞ւմ են նման դեմարշներ կազմակերպելուց առաջ, թե՞ ոչ։ Դատելով հնչող հայտարարություններից ու անտրամաբանական որոշումներից, այդ գիտակցումը չկա։
Թե առկա քաղաքական լարվածությունը ինչի՞ կարող է հանգեցնել, եթե տեղափոխվի տնտեսական հարթության մեջ, նույնիսկ պատկերացնելն է վտանգավոր։
Առնվազն անմեղսունակ պետք է լինել դա չնկատելու կամ անտեսելու համար։
Ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն այնքան ընդգրկուն են ու էական, որ ցանկացած հետքայլ ցնցումային է լինելու մեր տնտեսության ու սոցիալական իրավիճակի վրա։ Այսօր, երբ իշխանություններն այդքան հպարտանում են տնտեսական աճի բարձր ցուցանիշներով, ոչ թե իրենց շնորհքն է, այլ նույն Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական ազդեցության արդյունք է։
Արտահանման ռեկորդային աճերից են խոսում, մոռանալով, որ դրանք ապահովվել են հիմնականում ռուսական շուկայի հաշվին։ Ճիշտ է, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած մատակարարման դժվարություններն ու ներքին շուկայում առաջարկի հետ կապված խնդիրները։ Բայց չպետք է մոռանալ, որ այդ ամենի մեջ Հայաստանի մասնակցությունն ընդամենը մի փոքր կաթիլ է՝ մեկ բաժակ ջրում։ Ու մեծ բան չի փոխվի, եթե կտրվի այդ կաթիլը։
Դրա համար շատ բան պետք չի անել. Վերին Լարսում ցանկացած խնդիր բավարար է զգալու այդ հետևանքները՝ ոչ միայն մեր արտահանման ու ներմուծման, այլև՝ ամբողջ տնտեսության վրա։ Ի դեպ, նման միտումներ արտահանողներն արդեն նկատում են։
Սա ընդամենը մի փոքր դետալ է Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններում։ Իսկ այդպիսի դետալները չափազանց շատ են։
Դրանցից մեկն էլ մեր տնտեսության ուղղակի կախվածությունն է ռուսական էներգակիրներից։ Չասենք էներգետիկ ոլորտի ներկայացվածությունը Հայաստանի տնտեսության մեջ։ Խոսքը միայն էներգակիրների մասին է, որոնք ներկրում ենք Ռուսաստանից՝ ներքին շուկայի ու էներգետիկ օբյեկտների անխափան աշխատանքն ապրահովելու համար։
Հայաստանի տնտեսությունը վառում է ռուսական գազը։ Այսօր այդ գազը ստանում ենք արտոնյալ պայմաններով։ Մի քանի անգամ ավելի ցածր գնով, քան համաշխարհային շուկայի գներն են։ Հավանաբար շատերը չեն մոռացել, որ 2 տարի առաջ, երբ միջազգային շուկաներում էներգակիրների, այդ թվում՝ գազի գները նվազեցին, մեր իշխանությունները շտապեցին ուլտիմատում ներկայացնել Ռուսաստանին՝ նվազեցնելու գազի մատակարարման գինը։ Այսօր, երբ միջազգային շուկայում գազի գները չափազանց բարձր են, կարո՞ղ է նույնն անել Ռուսաստանը. Առաջարկել, ենթադրենք՝ կրկնակի բարձր գին։ Իհարկե կարող է։ Եվ ինչպիսի՞ն կլինի դրա հետևանքը տնտեսության կամ բնակչության համար։
Պարզ է, որ էներգակիրները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ապրանք են։ Բայց այնպես պետք է անել, որ դրանից չտուժի թե՛ մեկը, և թե՛ մյուսը։
Իսկ ի՞նչ են անում իշխանությունները. անում են ճիշտ հակառակը։ Եթե կարծում են, թե տնտեսական հարաբերությունները կապ չունեն քաղաքական կողմնորոշումների ու հակումների հետ, ապա չարաչար սխալվում են։ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում հաշվի չառնել տնտեսական բաղադրիչի դերը, նշանակում է՝ աչքերը փակ գնալ դեպի անդունդը։
Ռուսական զազով են աշխատում էլեկտրաէներգիա արտադրող ջերմային կայանները։ Միակ բացառությունը՝ Երևանի ՋԷԿ-ն է, որը գործում է Իրանի հետ գազափոխանակումների ծրագրի շրջանակներում։ Չորս-հինգ տարի է, չկարողացան գոնե կառուցել ու շահագործել Իրանի հետ երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը շատ չէ, բայց գոնե կարող էր մի փոքր թուլացնել ռուսական գազից ներքին շուկայի կախվածությունը։ Այդ գիծը պիտի շահագործվեր 2019թ.։ Այնինչ՝ այսօր էլ դեռ կառուցված չէ։ Շահագործման ժամկետներն անընդհատ հետաձգվում են։ Առաջիկայում ևս՝ ըստ ամենայնի, կհետաձգվեն։
Հույսը դնել այն բանի վրա, որ կարճ ժամկետում ռուսական գազը կարող են փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, մանկամտություն է։ Բայց գազը միակ էներգակիրը չէ, որը Հայաստանի էներգետիկ համակարգի ու տնտեսության համար կարևոր դերակատարություն ունի։
Ատոմակայանը, որն այսօր աշխատում ու էժան էլեկտրաէներգիայով ապահովում է երկրի պահանջարկի գրեթե 40 տոկոսը, լիցքավորվում է ռուսական վառելիքով։ Եթե վաղը Ռուսաստանը որոշի տարբեր պատճառաբանություններով, այդպիսիք միշտ էլ կարելի է գտնել, դադարեցնել միջուկային վառելիքի տրամադրումը, ի՞նչ է լինելու ատոմակայանի հետ։ Այն վերածվելու է մետաղի ջարդոնի, պարտադրված դադարելու է աշխատել ու էլեկտրաէներգիա մատակարարել։
Հեղուկ էներգակիրների պարագայում իրավիճակը մի քիչ այլ է։ Դրանք կարող են փոխարինվել այլ երկրներից ներկրումներով, թեև այդ դեպքում ունենալու ենք գնային այլ պատկեր։ Հայաստանն ազատված է Ռուսաստանից ներկրվող բենզինի և դիզելային վառելիքի արտահանման տուրքերից։
Ռուսաստանից են գալիս ոչ միայն էներգակիրները, այլև ներդրումների մեծ մասը։ Հայաստանի տնտեսության ներդրումային կապիտալի գրեթե կեսը ռուսական ծագում ունի։
Կապիտալը Ռուսաստանից գալիս է ոչ միայն ներդրումների, այլև տրանսֆերտների տեսքով։
Տասնյակ-հազարավոր Հայաստանի քաղաքացիներ ռուսական աշխատաշուկայում են լուծում իրենց ապրուստի ու կենցաղային խնդիրները։ Տարբեր ժամանակներում այս երկրից միայն ֆիզիկական անձանց անկանխիկ փոխանցումները հասնում են 1-2 մլրդ դոլարի։ Առնվազն այդքան էլ գալիս է՝ շրջանցելով բանկային համակարգը։ Այդ գումարները Հայաստանում սոցիալական լուրջ խնդիր են լուծում բազմաթիվ ընտանիքների համար։
Սրանք այն ոչ ամբողջական հատվածներն են, որոնցից յուրաքանչյուրից կախված՝ մեր տնտեսությունն ու հասարակությունը կարող է չափազանց ծանր գին վճարել։ Դա կարող է լինել, եթե իշխանությունների կողմից հրահրվող քաղաքական լարվածությունը հանկարծ տեղափոխվի նաև տնտեսական հարթություն։ Չգիտակցել սա ու սեփական ամբիցիաներից ելնելով՝ երկիրը նման փորձության տանելը հղի է անասելի հետևանքներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ