Բաժիններ՝

Պակիստանի նախկին վարչապետը երկու ոտքից վիրավորվել է մահափորձից հետո

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երկու ոտքից վիրավորվել է նրա «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության բողոքի երթի վրա կատարված հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է հիվանդանոցի վարչակազմը, որտեղ հոսպիտալացվել Է քաղաքական գործիչը:

«Գնդակը դիպել է աջ ոտքին եւ ձախ ոտքի ոսկորին»,-վարչակազմի հայտարարությունը մեջբերում է Geo հեռուստաալիքը: Բժիշկների տվյալներով, «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի ղեկավարն անգիտակից վիճակում է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերին եղել է վնասվածքների 16 հետք:

Իմրան Խանի վրա մահափորձը կատարվել է նոյեմբերի 4-ին, նրա կուսակցության բողոքի երթի ժամանակ, որը պահանջում է նոր ընտրություններ:

Պակիստանի նախկին վարչապետը ոտքից վիրավորվել է նրա մեքենայի գնդակոծումից հետո, քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված կասկածյալը հայտարարել է, որ ինքը պլանավորել էր սպանել Իմրան Խանին եւ հայտարարել, որ գործել է միայնակ:

Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչեւ նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ:

Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը դիմել էր երկրի գերագույն դատարան՝ խնդրելով կանգնեցնել «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի նոր երթը, սակայն դատարանը մերժել է երթն արգելելու մասին հրաման հրապարակելու խնդրանքը:

Դատարան դիմելուց առաջ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխանությունները կխստացնեն քաղաքականությունը բողոքի ակցիայի դուրս եկածների նկատմամբ: Իր հերթին Իսլամաբադի վարչակազմը հայտարարել է, որ «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ին թույլ չի տա հավաքներ անցկացնել քաղաքում եւ ուժեղացրել է Իսլամաբադի «կարմիր գոտու» պահպանությունը, շրջան, որտեղ գտնվում են գլխավոր կառավարական շենքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս