«Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է ռուսական հայտնի հեքիաթի հերոս կալաբոկին՝ ես արջից փախա, ես գայլից փախա… Վերջում, գիտեք, ինչ եղավ կալաբոկի հետ…». Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է: Նա նշել է.

  • Սոչիի բանակցություններում հիմնական նվաճումը ժամանակ շահելն էր:
  • Փաշինյանի կարդացած տեքստի բովանդակությունը՝ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տպավորություն էր ստեղծում, թե ինքը կատարում է ՌԴ նախագահի հանձնարարությունը, որ ուզում են Ռուսաստանի հետ լինել, խաղաղապահների ներկայությունը երկարաձգել:
  • Ցանկացած պետություն, որպես միջնորդ, նախևառաջ հանդես է գալիս իր երկրի շահերից. Ռուսաստանի շահը, օրինակ, այն է, որ իրեն տրվի առաջնահերթություն և պահպանվի այնպիսի ստատուս-քվո, որն ընդունելի կլինի բանակցող երկու կողմի համար: Ռուսաստանը մեծամասամբ հասավ իր նպատակին, և Պուտինը հայտարարեց, որ մեծ խնդիր է դելիմիտացիան, ուստի ստատուս-քվոն պահպանելով՝ պետք է բանակցել իրենց գլխավոր շտաբի քարտեզներով:
  • Եթե գլխավոր միջնորդը մնում է Ռուսաստանը, ապա բանալին նորից նրանց ձեռքում է, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռ կձգձգվի:
  • Ո՞րն է մեր նպատակը, մենք հասա՞նք մեր նպատակին, եթե ոչ, ապա ինչո՞ւ
  • Ալիևը հասկացավ, որ հիմա ուժի միջոցով դեռ չի կարող հասնել իր նպատակին, բայց կգտնեն ճիշտ պահը, ինչպես, օրինակ, եղավ այս տարի սեպտեմբերի 12, 13-ին, որի արդյունքում այդքան զոհեր կրկին ունեցանք:
  • Ադրբեջանի համար նշանակություն չունեն ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման սկզբունքները:
  • Ադրբեջանին, սակայն, հիմա պետք չէ անցնել լայնածավալ ռազմական գործողությունների, Հայաստանի գործող իշխանությունները երկիրն այն վիճակի են հասցրել, որ 1-2 կրակոցն էլ բավարար է Հայաստանի բնակչությանը լարվածության մեջ պահելու համար:

  • Ալիևը հասկանում է, որ Արևմուտքն Ադրբեջանում այնպիսի շահեր ունի, որ բացի քննադատությունից իր նկատմամբ՝ չի դիմի կոշտ միջոցների:
  • Արևմուտքը Ալիևի հետ կոշտ լեզվով չխոսեց, որովհետև ունի իր կենսական շահերը, և հանուն Հայաստանի նրանք ոչինչ չեն անի դրանց վնասելու գնով:
  • Բրյուսելյան բանակցությունների միջոցով ՀՀ իշխանությունները փորձեցին խաղ ձևակերպել՝ իբրև այլընտրանք Ռուսաստանի առաջարկին: Այնինչ, առանց վերլուծության և քո այլընտրանքի ու միջնորդների շահերի ճիշտ հաշվարկի, վտանգը կլինի մեծ զիջումը:
  • Իրենց համար ճիշտ պահին Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրենց քայլերը ներկայացնել՝ որպես ճարահատյալ միջոց, որը կբխի թե՛ խաղացողների, և թե՛ իրենց շահերից:
  • Այս իշխանությունների համար իրենց կատարած բոլոր քայլերն աննախադեպ են… ասում են՝ ամեն ինչ սկսում են իրենց զրոյական կետից… Միայն հոգեբանները կարող են ասել, թե ինչո՞ւ և ո՞ր դեպքում է մարդու համար կարևոր սկսել զրոյական կետից…
  • Նիկոլ Փաշինյանը այնքան խոցելի է, նա կորցրել է մեծ երկրների վստահությունը. Պուտինը հավատո՞ւմ է Փաշինյանին, իհարկե՝ ոչ, ինչպեսև ոչ ոք չի վստահում:
  • Ռուսները հասկանում են, որ այսօր չեն կարող բարձրաձայն հայտարարություններ անել հակաադրբեջանական և հակաթուրքական քայլերի մասին, դրա համար կա Իրանը՝ որպես զսպող օղակ:
  • Հայաստանի իշխանություններն այսօր պասիվ դիրք են զբաղեցնում. Որտե՞ղ էր մեր դիվանագիտությունը 2020 թվականին, թշնամուն զսպելու համար անհրաժեշտ է կիրառել բոլոր կոմպոնենտները՝ դիվանագիտություն, քաղաքականություն, ռազմական ուժ, քարոզչություն… ո՞ւր էին, ինչո՞վ էին զբաղված:
  • Փաշինյանի վարքագիծն ինձ հիշեցնում է ռուսական հայտնի հեքիաթի հերոս կալաբոկին՝ ես արջից փախա, ես գայլից փախա… ասելով՝ ժամանակ է շահում: Իսկ վերջում, գիտեք, ինչ եղավ կալաբոկի հետ… Ժամանակ կարելի է շահել, բայց այն պետք է ճիշտ օգտագործել և կատարել զսպողական քայլեր: Մենք դասեր չենք քաղում անցյալից և ասում ենք, թե հաշտություն, խաղաղության պայմանագիր ենք ուզում կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց խաղաղությունը հավերժ չի լինում, ավելին, քո ուզած խաղաղությունը մյուս կողմն էլ պետք է ուզի:
  • Կան անձնական, կուսակցական շահեր, երբ դու դրանք ավելի ես կարևորում, քան պետության ու բարոյական շահերը, ապա իրավունք չունես շարունակելու ղեկավարել երկիրը:
  • Բարդ և տանգնապալի վիճակ է, և ցանկալի չէ, որ հայտնվենք Առաջին համաշխարհային պատերազմի վիճակում, մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք օգտագործում մեր ամենակարևոր՝ մարդկային ռեսուրսը. ոչ միայն Հայաստանի շուրջ 3 մլն բնակչությունը, այլ նաև Արցախը, Սփյուռքը, բայց այսօր կորցրել են այս իշխանությունները Սփյուռքի վստահությունը, Սփյուռքը համախմբելու փոխարեն՝ պառակտել են:

  • Եթե դու կանգնած ես իշխանության ղեկի մոտ ու ասում ես՝ ես թույլ եմ, չեմ կարողանում, ուրեմն հեռացի՛ր:
  • Մենք պետք է դառնանք քաղաքական ազգ և ոչ թե դառնանք տարածք՝ կցված Ադրբեջանին ու Թուրքիային:
  • Արևմուտքը տեսնում է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները վարվում ընդդիմության հետ, բայց լռում են, որովհետև Փաշինյանն իրենց ձեռք է տալիս:
  • Մեր երկրում քվազի-ժողովրդավարություն է, ժողովրդավարությունը ծաղրի է ենթարկվում:
  • Ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի ազատություն չի լինի, եթե լուծված չեն քո երկրի անվտանգության խնդիրները, մենք այսօր ունենք անվտանգության լրջագույն խնդիր:
  • Այո, բանակցողին պետք է փոխել:
  • Այսօր գնվող յուրաքանչյուր դրոնն ավելի կարևոր է, բայց այս իշխանությունը պետական բյուջեի միջոցները ոստիկանության վրա է ծախսում, որպեսզի ապահովի իր անձնական անվտանգությունը, որպեսզի պահի իր իշխանությունը:
  • Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իբրև թե պայմանագիր է կնքել քաղաքացու հետ. իսկ քաղաքացուն հարցնո՞ւմ են, թե՞ ինչ ուզում՝ անում են, հաշվետո՞ւ են իրենց արածների համար:
  • Այսօրվա իշխանությունները օպորտունիստ են, քանի որ անում են այն, ինչ իրենց համար է կարևոր:
  • 44-օրյա պատերազմը հրահրվեց ՀՀ գործող իշխանությունների կողմից:
  • Երկիրը նոր վտանգների, մարտահրավերների առջև են կանգնեցնում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս