«Ադրբեջանին առհասարակ այդ անցակետերը պետք չեն, Ադրբեջանի ախորժակը «միջանցք» ունենալն է». Գառնիկ Դավթյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի վերջերս տված հանձնարարականին՝ ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու և մի քանի տեղում անցակետ տեղադրելու մասին։
Ըստ ՊԵԿ նախագահի, անցակետեր տեղադրելու գործընթացը գրեթե ավարտված է։
«Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի օրակարգ է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ապահովենք դա։ Եթե խնդիրն ապաշրջափակումն է, բնականաբար, Հայաստանը դրան կողմ է։ Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, բնականաբար, որոշակի դետալներ ու թերություններ դեռ կլինեն։ Մենք ինչպես հայտարարել ենք՝ պատրաստ ենք, եթե մյուս կողմը պատրաստակամ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, մենք պատրաստ ենք:
Ակնհայտ է, որ Սոթքում, Քարահունջում, Երասխում ունենք այնպիսի հատվածներ, որտեղ հնարավոր է այդ գործընթացն ավարտել»,- նշել էր Ռուստամ Բադասյանը։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ադրբեջանցիները կօգտվեն այդ անցակետերից, ինչպես ակնկալում է Նիկոլ Փաշինյանը, և այդ դեպքում դա որքանո՞վ է անվտանգ անցակետերին հարակից բնակիչների համար, ասաց.
«Օրվա իշխանությունն իր անգործության ու տկարամտության արդյունքում ապագա սերունդների վրա փորձում են թողնել ծանր ու դաժան բեռ։ Կարծում եմ՝ այդ մարդիկ աննուղղակի փորձում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանն էլ դարձնել թուրքական ազդեցության գոտի։ Ադրբեջանին առհասարակ այդ անցակետերը պետք չեն, Ադրբեջանի ախորժակը «միջանցք» ունենալն է։ Ադրբեջանին բնավ պետք չէ, որ իր բեռները, քաղաքացիները անցնեն հայկական վերահսկողության ներքո, նրանց համար չարյաց փոքրագույնը գոնե ռուսական վերահսկողությամբ թողնելն է»։
Ըստ փորձագետի, ադրբեջանական կողմը լավ գիտակցում է բոլոր հնարավոր վտանգները, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի: Այդ դեպքում նրանց վերահսկողությունն իրականացնի ռուսական կողմը, ապա նրանց հետ կարող են պայմանավորվել, հենց այդ պատճառով էլ չեն ուզում հայկական վերահսկողությամբ բեռներ ու քաղաքացիներ տեղափոխվեն։ Ավելին՝ եթե հանկարծ Ադրբեջանը որոշի օգտվել այդ ճանապարհներից, ապա դրանք օգտագործելու է հարձակումներ կազմակերպելու և մարդկանց կյանքին որևէ վտանգ ներկայացնելու համար, որպեսզի պնդի, այդ տարածքներով անցնեն իր ռազմական շարասյուները՝ բեռներին կամ քաղաքացիներին ուղեկցելու համար։ Գառնիկ Դավթյանը հիշեցրեց վերջին շրջանում օրը մի քանի անգամ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ։
Փորձագետն անդրադարձավ նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և արդյունքում հրապարակված եռակողմ հայտարարությանը։
Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ այդ հանդիպումը ոչնչի մասին էր հայկական շահի տեսանկյունից, որից շահել են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը։
«Նախ, ակնհայտ է, որ պատերազմից հետո վերջին երկու տարիներին Ադրբեջանն ակտիվ արտաքին քաղաքականությամբ փորձում է վերացնել Արցախի սուբյեկտայնությունը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն ու փաստաթղթավորված տարբերակով այնպիսի ամրագրումներ անել, որ Արցախի Հանրապետությունը հնարավորություններ չունենա հետագայում որևէ ձևով այդ սուբյեկտայնության բարձրացման և կարգավիճակի հարցը բարձրացնելու քայլեր անել։
Իհարկե, Ադրբեջանը, ինչպես Սոչիի հայտարարության, այնպես էլ մյուս փատաթղթերում կարողացել է հասնել նրան, որ Արցախի մասին առհասարակ չնշվի, հատկապես այն ամենակարևոր կետում, որտեղ նշված էր ռուս խաղաղապահների գործունեության մասին։ Այնտեղ այդ կետն այնպես էր մեկնաբանված, որ ռուս խաղաղապահները կարծես թե օդում են տեղակայված, այլ ոչ թե կոնկրետ տարածքում, այսինքն՝ Արցախում։ Վստահ եմ, սա ադրբեջանական կողմի պահանջն է եղել, ինչը չի առարկել Նիկոլ Փաշինյանը։ Եթե հաշվի առնենք դրանից առաջ ԵՄ շրջանակներում ընդունված փաստաթղթերը, որտեղ նույնպես Արցախի մասին կետ չկա, այսինքն՝ եթե դրա վերաբերյալ որևէ բան չկա, նշանակում է՝ մի կողմը զիջել է, որպեսզի չլինի։ Այսինքն՝ չի եղել սկզբունքային պնդումներ ու պահանջներ, որպեսզի այդպես չլինի, հետևաբար՝ Ադրբեջանն էլ օգտվել է այսօրվա գերագույն գլխավոր կապիտուլյանտի անկարողությունից, այդ փուլում կարողացել է հասնել իր նպատակին։
Կարծում եմ՝ ռուսական կողմն այդ փաստաթղթով առնվազն փորձում է իրավական հիմք ստեղծել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը արդյունավետ գնահատեն ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում, որպեսզի հետագայում ժամկետը լրանալուն պես՝ ունենա լեգիտիմ իրավունք կամ դիվանագիտական այլ մեթոդներ կիրառելու հնարավորություն՝ այդ ժամկետը երկարացնելու համար»,- շեշտեց նա։
Այս համատեքստում փորձագետը նաև հավելեց, որ եթե խաղաղապահների ժամկետը լրանա և հարց դրվի նրանց՝ Արցախից դուրս գալուն, ապա Նիկոլ Փաշինյանը դրան բոլորովին դեմ չի լինի։