Անցակետերի գործընթացը գրեթե ավարտված է, եթե Ադրբեջանը ցանկանա, կարող է օգտվել անցակետերից. Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հանձնարարականին՝ Հայաստան ադրբեջանցիների մուտքի և մի քանի տեղերում անցակետեր տեղադրելու մասին։

Ըստ ՊԵԿ նախագահի, այդ հանձնարարականն իրականացնելու համար ձեռնարկել են բոլոր քայլերը, որոնց մասին արդեն խոսվել է։

«Այդ ամենը նաև փաստաթղթավորված է, այսինքն՝ կառավարության որոշումներն են դրվել «ի-դրաֆթում»(e-draft) հանրային քննարկման, դրանից հետո սովորական ընթացակարգով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ՝ հետագա շրջանառության համար, ուղարկվել են նաև շահագրգիռ գերատեսչություններին կարծիք հայտնելու համար։ Բնականաբար, նշված բոլոր հատվածներում  որոշակի աշխատանքներ են պլանավորված կամ իրականացվել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ քննարկումներ կան, որ կառավարությունը հրաժարվել է այդ նախաձեռնությունից, կա՞ նման բան, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ փոփոխություններ կատարվել են՝ սահմանային անցման կետերը և հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են։

Կարդացեք նաև

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ ամենն իր հետ որևէ վտանգ չի կարող բերել։

«Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի օրակարգ է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ապահովենք դա։ Եթե խնդիրն ապաշրջափակումն է, բնականաբար, Հայաստանը դրան կողմ է։ Գործընթացը, կարելի է  ասել, ավարտված է, բնականաբար, որոշակի դետալներ ու թերություններ դեռ կլինեն։ Մենք ինչպես հայտարարել ենք՝ պատրաստ ենք, եթե մյուս կողմը պատրաստակամ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, մենք պատրաստ ենք

Ակնհայտ է, որ Սոթքում, Քարահունջում, Երասխում ունենք այնպիսի հատվածներ, որտեղ հնարավոր է այդ գործընթացն ավարտել»,- ընդգծեց Ռուստամ Բադասյանը։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ արգելքի վերաբերյալ որևէ նախագիծ չկա, ավելին՝ նման նախագծի անհրաժեշտություն չկա։

«Առևտուր անելը նորմալ է»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս