Սոչիի հանդիպումը չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը․ Տարասով

«Սոչիի եռակողմ բանակցությունները կազմակերպելով՝ ՌԴ-ն վերահաստատեց իր դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն հակամարտության նախկին բոլոր «հարցականները» պահպանվեցին»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին, ընդունված եռակողմ հայտարարությանը։

Նա նշեց, որ գլխավորն այն էր, ինչ հայտարարեց ՌԴ նախագահ Պուտինը, որ նախապես մշակված տեքստից որոշ դրույթներ ստիպված են եղել դուրս բերել անհամաձայնությունների պատճառով, այսինքն՝ ռուսական առաջարկները հատկապես ԼՂ կարգավիճակի մասով չեն գոհացնում ադրբեջանական կողմին։

Սա, նրա խոսքով, կարող է դիտարկվել՝ որպես այդ անհամաձայնություններից մեկը կամ գուցե՝ միակը։

«Ինչպես հիշում ենք, օրերս «Վալդայ» դիսկուսիոն ակումբում ունեցած ելույթում ՌԴ նախագահը հստակ տարանջատում մտցրեց ռուսական ու վաշինգտոնյան կամ եվրոպական տարբերակի միջև, որը վերաբերում էր հենց Ղարաբաղի կարգավիճակին։ Ռուսական տարբերակում այդ հարցը կամ դրա քննարկումը հետաձգվում է։ Սակայն այս մասով, ինչպես երևում է, խնդիր կա և դժվար չէ ենթադրել, թե որ կողմում է խնդիրը»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարությունն ինքնին բացառիկ չէր իր բովանդակությամբ, այլ ենթադրում էր գործընթացի շարունակականություն, նոր լուծումներ փնտրելու պատրաստակամություն։

Սակայն, վերլուծաբանի տպավորությամբ, այս հանդիպումը նաև չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը։

Ըստ Տարասովի, ՌԴ-ն այդ «դուռը» բաց թողեց, հանդես գալով՝ որպես առաջատար միջնորդ, ՌԴ-ն չի բացառում, որ ինքը միակ միջնորդը չէ։

«Կարևոր նրբություն կա, որ սա ՌԴ-ն շատ հանգիստ է ընկալում, կարելի է երկար քննարկել, թե ինչու է դա այդպես, բայց դա այդպես է։ Այսինքն՝ չի բացառվում, որ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ տեղի ունենան բրյուսելյան քննարկումները կամ, ինչպես վերջերս Վրաստանում Իլհամ Ալիևն առաջարկեց, գործին միանա Վրաստանը և միջնորդություն իրականացնի։

Սցենարները շատ տարբեր են, և հարցն այն է, որ երեկվա հանդիպումը քիչ պատասխաններ տվեց։ Սակայն այն, որ ՌԴ-ն պայքարի լուրջ նշաններ ցույց չի տալիս, չի նշանակում նաև, որ ՌԴ-ն չունի իր հեռահար հաշվարկները։

ՌԴ-ն հստակ գիտի, որ Թուրքիան ու Իրանը Հարավային Կովկասում կախված են ՌԴ-ից, նրանց քաղաքականությունը փոխկապակցված է ՌԴ-ին, իսկ Արևմուտքի պլանները կարող են սահմանափակ լինել, իսկ թվացյալ հաղթանակները՝ իրավիճակային ու ժամանավոր։

Վերջին ամիսներին նկատում ենք Իրանի նոր թափը, ռուս-իրանական հարաբերություններում ևս մեծ ակտիվություն կա, այս ֆոնին փոփոխություններ կան նաև հայ-իրանական հարաբերություններում, և այսօր Նիկոլ Փաշինյանն Իրանում է, սա, թերևս, ևս պատահական չէ։

Իրանը ուղերձներ է փոխանցում, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, առանց Իրանի՝ այս պահին լուրջ որևէ զարգացում դժվար է պատկերացնել, խոսքը և՛ Ղարաբաղյան հարցի, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է։ Բացի այդ, ուշադրության է արժանի նաև այն, որ ռուս-իրանական համագործակցությունն անհանգստացնում է ԱՄՆ Պետդեպին, դա ևս պատահական չէ։

Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ում լուրջ շրջանակներում կարծում են, որ արևմտյան հովանու ներքո ինչ-որ փաստաթղթի ստորագրումը չի կարող վտանգել ռուսական շահերը ռեգիոնում, որոնք ամուր են, և որոնց հետ փոխկապակցված են Թուրքիան ու նոր դերի մեջ մտած Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ուստի Սոչիի հանդիպումը գլխավորապես պետք է դիտարկել որպես հորդոր՝ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, առանց ռազմական բռնկումների, և շարունակել լուծումների փնտրտուքը։ Աշխարհի ու Ռուսաստանի համար նոր իրավիճակում հարցերը, խնդիրները, երևում է, չունեն այն նշանակությունը, ինչ նախկինում։ Ռուսաստանը ևս փոխվում է, և ՌԴ նոր քաղաքականությանը դեռ ականատես ենք լինելու որոշ ժամանակ անց»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս