4 անգամ ավելի շատ ֆինանսավորում պետք է հատկացնեն, որ նույնիսկ մեկ բուհ հնարավոր լինի ներգրավել լավագույն 500-ի մեջ. Կրթության փորձագետ
Մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս հարցն ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ին կազմակերպած քննարկման ժամանակ:
Փոփոխությունների արդյունքում Կառավարությունը նախատեսում է, որ 8 տարի անց Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակի լավագույն 500-ի մեջ:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ սա անիրականանալի է, քանի որ կապ ունեն նաև մեր երկրի առջև կանգնած՝ անվտանգային, տնտեսական մարտահրավերների հետ:
«Սա ուղղակի լավագույն ցանկությունների, կենացների շարքից է: Քանի որ սա օրենքի ուժ պետք է ստանա՝ կուզեմ, որ ինչ տեսքով որ ներկայացված է ԱԺ, նույն տեսքով ընդունվի: Ուղղակի կարող եմ մեկ բան ավելացնել, որ յուրաքանչյուր տարի կրթության մինչև 2030 թվականի ծրագրով նախատեսված գործողությունների ուղղությամբ կառավարությունը հաշվետվություն տա և, եթե այդ հաշվետվությունից երևա, որ շեղվում են՝ կառավարությունը հրաժարական տա: Սա ասում եմ նրա համար, որ դա անիրականանալի ծրագիր է:
Նրանք, ովքեր ասում են, թե այսքան բուհ պետք է մինչև 2030 թվականը լինի լավագույն 500-ի մեջ՝ չեն պատկերացնում, թե դա ի՞նչ է նշանակում ֆինանսական առումով, որովհետև լավագույն բուհերի բյուջեները համեմատական են Հայաստանի ողջ պետական բյուջեին: 4 անգամ ավելի շատ ֆինանսավորում պետք է հատկացնեն, որ նույնիսկ մեկ բուհ հնարավոր լինի ներգրավել լավագույն 500-ի մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը: