«Պուտինը հստակ ասաց՝ դուք եք ձեր հողը ու ժողովրդի մի մասին հանձնել, հետևաբար՝ Ռուսաստանին չպետք է մեղադրեք». Միջազգայնագետ

Հոկտեմբերի 27-ին, Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։

«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել էր Վլադիմիր Պուտինը։

Նա նաև բանակցային գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ էր հայտնել, թե կոնկրետ ինչ է Ռուսաստանն առաջարկել  երկար տարիներ, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․

«Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,- նշել էր նա։

Կարդացեք նաև

168.amը Պուտինի երեկվա հայտարարությունների և վաշինգտոնյան առաջարկների վերաբերյալ խնդրեց  Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ Պուտինի առաջարկությունը նշանակում է՝ առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունն է ընտրել, և չպետք է հույս ունենա, որ Ռուսաստանը կարող է իր համար կռվել։

«Մեզ համար այդ հայտարարությունը շատ բացասական էր, քանի որ ասաց՝ եթե Հայաստանն ուզում է հարգի Ադրբեջանի սուվերենությունն Արցախում, ապա ՌԴ-ն դրան կաջակցի։ Պուտինը հստակ ասաց, որ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդն է սա ընտրել, քանի որ ՌԴ-ն այլ բան էր առաջարկում։ Պուտինը հստակ ասաց՝ դուք եք ձեր հողը ու ժողովրդի մի մասին հանձնել, հետևաբար՝ Ռուսաստանին չպետք է մեղադրեք, ինչը, իհարկե, ճշմարտություն է։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինչ ճանապարհ էլ ընտրի Հայաստանը, Ռուսաստանը կաջակցի, նշանակում էր՝ ՌԴ-ն Հայաստանի փոխարեն կռիվ չի անելու Ադրբեջանի հետ։ Հիմա ՌԴ-ն որևէ շահ չունի Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու համար, այս ամենը նշանակում է, որ Վաշինգտոնյան տարբերակով, եթե ստորագրվի խաղաղության փաստաթուղթը, ուրեմն՝ ռուս խաղաղապահները դուրս են գալու Արցախից»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

Միջազգայնագետի խոսքով, եթե մեկ նախադասությամբ մեկնաբանելու լինի Պուտինի հնչեցրած խոսքը, ապա նա ասում էր հետևյալը՝ Հայաստանի իշխանությունն իր ձեռքով իր տունը քանդեց, թող չսպասի, որ Ռուսաստանն այն կկառուցի։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխանության եկավ ֆիասկո կառավարություն ու տապալեց ամեն ինչ, չպետք է սպասել, որ որևէ մեկը կգա ու այդ ամենը կվերականգնի։ Աստված ոչ անի, եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, կարծում եմ՝ բոլորն էլ արդեն պատկերացնում են, թե ինչ տեղի կունենա։ Եթե Արցախը դիմի Ռուսաստանին, որ խաղաղապահները մնան, գուցե մնան, բայց եթե Հայաստանի իշխանությունները ստորագրեն այդ փաստաթուղթը, ապա Արցախն այդ հնարավորությունից էլ կզրկվի»,- շեշտեց Արթուր Խաչիկյանը։

Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ Վաշինգտոնյան փաստաթղթից հետքայլ անել՝ Արցախը փրկելու համար, Արթուր Խաչիկյանը նախ հիշեցրեց, որ ժողովուրդը կարող էր մեկ անգամ սխալվել՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, բայց չէր կարող երկրորդ անգամ սխալվել՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններում։

«Այդ իշխանությունն արդեն երկու անգամ դավաճանել է, ընդդիմությունն էլ ոչինչ չկարողացավ ասել։ Երկրորդ անգամ նրանց իշխանության գալը մեծ ազդակ էր Ռուսաստանի համար, որ այստեղ մեծ մասն ունի հակառուսական տրամադրություններ։ Կարծում եմ՝ իշխանությունը հետքայլ չի անի, իսկ Ռուսաստանն էլ նրանց փոխարեն ոչինչ չի անելու։ Փաստորեն Պուտինը նաև հստակ ասաց, որ չզարմանաք, եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս