«Նախալեռնային, լեռնային, բարձր լեռնային գոտիներում աշնանացան ցորենի ցանքերը պետք է ավարտված լինեին». գյուղատնտեսները՝ կառավարության նոր որոշման մասին

Հայաստանի մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար. որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:

Հավաստագրված սերմերով ցանքի պարագայում՝ կփոխհատուցվեն սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ծախսերը: 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխարհաքաղաքական իրադրությունը հանգեցնում է պարենի պակասի և գների աճի, որ պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, և, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը.

«Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50%-ը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26%-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:

Կարդացեք նաև

Աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս որոշմանը, այն համարեց ուշացած:

«Ժամկետը բաց է թողնված. այսօր արդեն նախալեռնային, լեռնային, էլ չեմ ասում՝ բարձր լեռնային գոտիներում աշնանացան ցորենի ցանքերը պետք է ավարտված լինեին, արդեն աշնանացան ցորենը պետք է ծլած լիներ: Վաղն ո՞վ երաշխիք ունի՝ Շիրակում, Գեղարքունիքում, կամ Սյունիքում ջերմաստիճանը չի իջնելու -4, -5 աստիճան, ու նոր ցանած ցորենը ցրտահարվելու է, կամ չի ծլելու-մնալու է հողում:

Հետո, համապատասխան որակի սերմացու գրեթե չկա, որ իրենց պահանջներին բավարարի (սերտիֆիկացված սերմացուով՝ սուբսիդավորում են 1ՀԱ հաշվով  120 հազար դրամ, ոչ սերտիֆիկացվածը՝ 70 հազար դրամ.  ոչ այն կա, ոչ էլ՝ այն): ՀՀ-ում, եթե կա, թող բերեն ցույց տան՝ տոննաժով, ում մոտ է, որտեղ է՝ գնանք-ստուգենք,- նշեց գյուղատնտեսը՝ մանրամասնելով, որ հավաստագրված չի նշանակում՝ միայն հավաստագրի առկայություն,- Պահեստում պետք է պարկավորված լինի, պարտիան՝ գրանցված, պիտակները՝ կպցրած՝ խմբաքանակը, սորտը, վերարտադրությունը, ախտահանվա՞ծ է, թե՞ ոչ…

Այսօր հոկտեմբերի 27-ն է.  նոր ե՞ն հաստատում. հերթական անգամ էլի օր են կորցնում, որերորդ անգամն է: Հետո նորից, մեկ տարի անց գալու են ասեն՝ գիտեք, այսպես էր, այնպես էր…»:

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը հույս ունի, որ ծրագիրն իրեն կարդարացնի:

«120 հազար դրամը մեծ օգուտ կարող է տալ գյուղացուն և ծախսեր կփակի, ինքնարժեքը կնվազեցնի (ռուսականի հետ մրցակցային կլինի):

Շատ կուզեի՝ վերահսկվեր սերմերի ներմուծումն ու արտադրությունը, որովհետև ներմուծված սերմերի որակի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, ու գոհ չեն նաև տեղական սերմնաբուծարանների սերմերից: Եթե լավ վերահսկողություն իրականացվի, եկող տարի, հույս ունեմ՝ վերջապես ցորենի արտադրության աճ կունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականին ընդամենը 90 հազար տոննա ցորենի բերք ենք ունեցել, ինչը շատ ցածր ցուցանիշ է:

Արդյոք ուշացած չէ՞ կառավարության  որոշումը՝ հարցադրումին ի պատասխան՝ գյուղատնտեսը նկատեց. «Շատ տեղեր կա, որ դեռ ցանք չեն կատարել: Լավ կլիներ, իհարկե, որ օգոստոսին արդեն հաստատված լինեին, բայց այսօր եթե ճիշտ իրազեկում կազմակերպվի գյուղացիների շրջանում, շատ խոպան հողեր այս տարի կփորձեն մշակել»:

Տեսանյութեր

Լրահոս