Գյուղատնտեսական արտադրանքի անկում ենք ունեցել. Փաշինյան
««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը կառավարությունում զեկուցեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։
Նարեկ Տերյանը հիշեցրեց «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թ.» պետական աջակցության ծրագրի բովանդակությունը՝ նկատելով. «Հիմնական նպատակն է՝ նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, և տեղական արտադրության ցորենի ծավալների ավելացմանը»:
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրն առաջին անգամ կիրառել են 2020 թ.-ին՝ համավարակի ժամանակ:
«Իմաստը հետևյալն էր՝ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանք կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով: Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվության հետ կապված պրոբլեմները մեծապես կապված են այն խնդրի հետ, երբ մարդիկ ուղղակի պատշաճ որակի սերմեր են ցանում ցորենի»,- հավելեց գործադիրի ղեկավարը:
Այս համատեքստում անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած 9 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայում մնալ՝ ի հեճուկս ընդհանուր տնտեսական ցուցանիշների: