Քաղաքական ամբարտավանության և անբարոյականության մեխանիկան
Հայաստանում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ ճգնաժամի աղբյուրներից մեկը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է։ Պետության և հասարակության հետ կարելի է անել գործնականում ամեն ինչ և դրա համար չկրել քաղաքական պատասխանատվություն։
Ամենացայտուն օրինակը, իհարկե, արցախյան 44-օրյա պատերազմն էր, որում կրած խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն գլխիկոր չհեռացավ իշխանությունից, այլ վերարտադրվեց հպարտության նոր ու ավելի ցինիկ դրսևորումներով։ Եվ հենց 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով վերարտադրությունը Նիկոլ Փաշինյանին դարձրեց առավել ամբարտավան ու անպատասխանատու։
Նա տեսավ ու համոզվեց, որ կարելի է պետությունը հասցնել դժոխային վիճակի, զոհել հազարավոր երիտասարդների ու անգամ դրանից հետո ստանալ «պողպատյա մանդատ», ինչը նրա համար լրացուցիչ խթան է այլևս կատարելու ցանկացած քայլ, որը կամ համադրելի կլինի 44-օրյա ողբերգության հետ, կամ կլինի դրանից պակաս ողբերգական, ինչպես, օրինակ, ադրբեջանաթուրքական պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և որպես դրա հետևանք/նախապայման՝ Արցախից ամբողջական հրաժարումը։
Նիկոլ Փաշինյանը բոլոր այս քայլերն իրականացնելիս աչքի առաջ ունի 2020 թվականը և առաջնորդվում է այն նախադեպով, որ եթե մի անգամ իր արարքները մարսվել են, ուրեմն կմարսվի նաև երկրորդ ու հաջորդող անգամները։ Իսկ մարսվել է ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև այն պատճառով, որ Հայաստանում երբևէ քաղաքական պատասխանատության ինստիտուտը գործուն դերակատարում չի ունեցել հանրային-քաղաքական հարաբերություններում։ Դա, ի դեպ, մեր քաղաքական համակարգի դեգրադացվածության՝ միևնույն ժամանակ և՛ պատճառն է, և՛ հետևանքը, որովհետև առողջ քաղաքական համակարգ կարող է լինել միայն քաղաքական պատասխանատվության ինստիտուտի և դրա արդյունքում առաջացող հետևանքների առկայության դեպքում։
Այդ ինստիտուտն իրականում շատ ավելի կարևոր ու համակարգաստեղծ է, քան իրավական պատասխանատվությունը։ Բայց ի տարբերություն վերջինիս, որը կարող է իրացվել համապատասխան իրավական կառուցակարգերի ու գործիքների միջոցով, քաղաքական պատասխանատվության ինստիտուտի գործարկման համար անհրաժեշտ է բարձր քաղաքացիական ու քաղաքական գիտակցություն, որը դիմադրողականություն կունենա մանիպուլյացիաների ու պոպուլիզմի նկատմամբ և հասարակությանը կստիպի առնվազն քաղաքական կյանքից դուրս շպրտել բոլոր նրանց, ում պատճառով պետությունը հայտնվել է կործանման եզրին։
Դա նվազագույնն էր, որ պետք է տեղի ունենար Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո, որովհետև ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ նաև պարզ մարդկային բանականության ու բարոյականության հարթությունում Նիկոլ Փաշինյանը չէր կարող պահպանել իշխանությունն այն ամենից հետո, ինչ արել էր Արցախի հետ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկելով։
Բայց նա պահպանեց իշխանությունը՝ իր մնալով ցույց տալով, որ Հայաստանը դուրս է ոչ միայն քաղաքական, այլ նաև մարդկային տրամաբանության ու բարոյականության բոլոր չափումներից։ Եվ քանի որ մի անգամ հաջողացրել է ամբողջ սերունդ կործանելով ու Արցախի մեծ մասը հանձնելով պահպանել իր քաղաքական կյանքը, հիմա իրեն ազատ է զգում վերջնականապես հրաժարվել Արցախից և Հայաստանի հետ անել այն, ինչ պահանջում են բոլոր նրանք, ում ձեռնտու է իր իշխանավարումը Հայաստանում։
Հարություն Ավետիսյան