«Գմբեթը» սահմանի երկրորդ գծում կարող է դառնալ երկաթբետոնից հատուկ մշակված վահան՝ թշնամու հարձակումների ժամանակ
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարբեր խմբեր, անհատներ սկսեցին քայլեր ձեռնարկել սահմանների, սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանցից մեկը «Գմբեթ» նախաձեռնությունն է, որի գլխավոր նպատակը սահմանամերձ գյուղերի ելքերն ու մուտքերն անառիկ դարձնելն է։ Մոտավորապես մեկ տարի նախաձեռնության հեղինակները գաղտնի են աշխատել նախագծի վրա, սակայն հասկանալով, որ այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մարդկանց աջակցությունը, սկսեցին դրա վերաբերյալ բարձրաձայնել։ Այն հիմնականում նախատեսված է պաշտպանական համակարգի երկրորդ գծի համար և տեղադրվում է դիրքերից հետո՝ սահմանամերձ բնակավայրերի ու դիրքերի ճիշտ մեջտեղում։
168.am-ի հետ զրույցում «Գմբեթ» ամրակառույցների հեղինակ, «Ստորակետ» ճարտարապետական աշխատանոցի տնօրեն Մերուժան Մինասյանը նախ պատմեց, թե ինչպես է ծագել նման նախաձեռնության գաղափարը: 44-օրյա պատերազմի ընթացքում մտածում էին, թե ինչ կարող են անել, հարցը քննարկում էին արվեստանոցում, այդ ընթացքում էլ հանդիպել են ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի և ՈՄԱ-ի այլ մասնակիցների հետ, ովքեր ներկայացրել են, թե ինչ խնդիրներ կան սահմանին։
«Մեր առջև խնդիր դրեցինք ու սկսեցինք նախաձեռնությունը մշակել, սկսեցինք ուսումնասիրել տարբեր գրականություն՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից սկսած։ Հետաքրքիրն այն է, որ այս տեսակ ամրակառույցներն այդքան մեծ փոփոխություններ չեն ունեցել։ Այդ ամենից հետո հասանք այս գմբեթի մոդուլին և սկսեցինք այն մշակել։
Նման կառույցների խնդիրն այն է, որ դրանք պետք է գործարանային արտադրության լինեն, որպեսզի բարձր որակի լինեն։ Այն երկաթբետոնից է, հատուկ մշակված բետոն է։ Ամրակառույցի շերտերը տեղափոխվում են այն վայր, որտեղ պետք է տեղադրվեն, որից հետո լեգոյի նման հավաքվում է»,- նշեց Մերուժան Մինասյանը։
Նրա խոսքով, եթե դիտարկում են, որ երկիրը մի քանի շերտ պաշտպանություն ունի, առաջնագիծ, երկրորդ և երրորդ գիծ, ամրակառույցը նախատեսված է երկրորդ գծի համար։ Ամրակառույցի շահագործողներն ու օգտագործողները լինելու են սահմանին մոտ բնակվող գյուղացիները կամ աշխարհազորը։
«Մենք մեր առջև ի սկզբանե դրել էինք զինվորին պաշտպանելու խնդիր, որպեսզի կարողանայինք նրան պաշտպանել անօդաչու թռչող սարքերից։
Նմանատիպ ծրագրեր, երբ կյանքի են կոչվում, նախապես ստեղծվում է առաջին տարբերակը, փորձարկվում է, հետո եթե խնդիրներ է լինում, երկրորդ տարբերակն է ստեղծվում, դրանք շտկվում են, և այլն։ Ցավոք, մենք դեռևս չենք կարողացել առաջին տարբերակը փորձարկել, երևի առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանանք փորձարկել։ Առաջնագծի խնդիրներն այլ են, այնտեղով զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, երկրորդ գիծը համեմատաբար ավելի հանգիստ է, և նման ծրագրերը փորձարկելու համար ավելի քիչ խնդիրների ես բախվում։ Խնդիրն այն է, որ եթե թշնամին առաջին գիծը ճեղքում է և ներխուժում է սահման, այս ամրակառույցների և պաշտպանական միջոցների գործադրմամբ կարողանաս առաջխաղացումը դանդաղեցնես, մինչև կանոնավոր բանակը կարողանան վերադասավորվել»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում