Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում

Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջում: Անհասկանալի նպատակներ հետապնդող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան՝ այստեղ, որքան կարելի է հասկանալ, «օդի, ջրի, հողի աղտոտում» գտնելու նպատակով։

Նրանց ամեն կերպ աջակցում են տեղի մի քանի հասարակական կազմակերպություններ, հիմնականում՝ արևմտյան գրանտներով սնվող։ Թվում է, թե բնապահպանական հետազոտության մեջ ինքնին ոչ մի կասկածելի բան չպետք է լինի։ Բայց երբ հիշում ենք, որ այս կազմակերպության հայտարարություններից լիուլի օգտվում են ադրբեջանցիները, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում, թե ինչո՞ւ է չեխական այս կազմակերպությունը արդեն մի քանի տարի որպես թիրախ ընտրել հենց Հայաստանը, հետևողականորեն արդեն մի քանի տարի փորձելով ապացուցել, որ Հայաստանում «աղտոտված» են ջուրն ու հողը։

Հատկապես լուրջ կասկածներ է առաջացնում, որ նրանք հիմա էլ այցելել են Սյունիք։  


Կարդացեք նաև

Ի՞նչ հետազոտություն է իրականացնում «Առնիկան» Հայաստանում

Առնվազն տարակուսանք պետք է առաջացնի, իսկ ողջամիտ քաղաքացու մոտ՝ նաև կասկած, որ ըստ այս ամիս հրապարակված հոդվածից, չեխական ծագմամբ, բայց անհայտ ազդեցության այս կազմակերպությունը  «հետազոտում էր» Քաջարանի ու Արծվանիկի պոչամբարի տարածքը՝ հողից, ջրից նմուշներ է վերցնում։ Կենսաբանական նյութերի նմուշներ են վերցնում նաև բնակիչներից։

Տարօրինակ է նաև, որ հունվարին հրապարակած հոդվածում օգտագործվում են ամռանն արված լուսանկարներ, ինչը ենթադրում է, որ նրանք նմուշառումներն արել են արդեն իսկ 6 և ավելի ամիս առաջ, սակայն մինչ այս հայտնի չեն նմուշների փորձաքննությունների արդյունքները։ Միայն հայտարարվում է, որ կենսանմուշներն ուղարկվելու են Չեխիա, ինչոր սերտիֆիկացված լաբորատորիա։

Այլ բան է, երբ բնության աղտոտվածության, հասարակության առողջության մասին անհանգստանում են տեղական կազմակերպությունները, բնակիչները կամ անհատ բնապահպանները, բայց լրիվ այլ բան է, երբ շահագրգիռ կողմը երրորդ երկրից է, չգիտենք՝ ինչ շահ ու հետաքրքրություն ունի արդեն մի քանի տարի Հայաստանի հողն ու ջուրը «փորփրելու», մարդկանցից կենսանմուշներ վերցնելու մեջ։

Այս նույն կազմակերպության նախորդ՝ 22-23 թվականներին Հայաստանի չորս մարզում իրականացրած «հետազոտությանը» հետևեց ադրբեջանցի կեղծ բնապահպան ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա՝ Արցախի հայաթափումը: Այս իրողությունները հայկական բնապահպանական կազմակերպությունները կարծես մոռացել են, հիմա էլ գրանտը ստացել ու «Առնիկա»-ին Սյունիք են տարել:

Հենց «Առնիկա»-ն է ընդունում և հաստատում, որ իրենք, օրինակ, նույն Ադրբեջանում որևէ ուսումնասիրություն չեն անում և երբևէ գործունեություն չեն իրականացրել։  Հարց է առաջանում, ինչո՞ւ է այս ընկերությունը համառ կերպով ֆիքսվել Հայաստանի և մասնավորապես տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտի վրա, ո՞րն է Չեխիայի կառավարության, այս ընկերության ու հայ «բնապահպանների» շահը: Տպավորություն է, որ այստեղ շահ ունի հատկապես Ադրբեջանը, որը պարբերաբար մանիպուլյացիաների է դիմում բնության վրա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի  ազդեցության թեմայով։ Ադրբեջանը շատ հստակ նպատակ է հետապնդում՝ փակել Հայաստանի հանքերը, խեղդել տնտեսությունը։ Հայաստանում գործող հանքերի ու Մեծամորի ատոմակայանի մասին հրապարակումներն ադրբեջանական մամուլում հարյուրավոր են:

Այս ամենը համադրելով՝ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ «Առնիկա»-ի ներկայացուցիչները Քաջարանի բնակիչներին լիարժեք չեն ներկայացրել իրենց գործունեության էությունը, տեղյակ չեն պահել, որ իրենց ծնողներից, իրենցից ու երեխաներից վերցնում են կենսաբանական նմուշներ և ուղարկում դրանք արտերկիր՝ փորձաքննության: Իսկ ո՞ւր են նայում պետական կառույցները, արդյո՞ք յուրաքանչյուրը կարող է ՀՀ քաղաքացիներից կենսաբանական նմուշներ վերցնել և դրանք տեղափոխել արտասահման։ 

Տրամաբանական կլիներ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն ուսումնասիրեր՝ «Առնիկա»-ն իրավունք ունի՞ մարդկանցից կենսաբանական նյութերի նմուշներ վերցնել, պահպանել և տեղափոխել։ Չեխիան թույլ կտա՞ր, որ հայկական որևէ կազմակերպություն Կառլովի Վարի քաղաքի բնակիչներից  կենսաբանական նմուշներ հավաքեր ու բերեր Հայաստան։ Իհարկե՝ ոչ։

Վերադառնալով քաջարանյան «հետազոտությանը», որի մասին հրապարակումը տեղադրված է  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կայքում, տեղ գտած հրապարակումը և լուսանկարները ևս հարցեր են առաջացնում. տարբեր վայրերից  հողից ու ջրից փորձանմուշները վերցվում են միևնույն տարայով, կադրերում երևում է նաև միևնույն խոզանակը, որով մի դեպքում՝ բնակավայրից է նմուշ վերցվում, իսկ մեկ այլ տարբերակով՝ պոչամբարի հարակից տարածքից։ Կասկածելի է թվում նաև ջրից նմուշառում անելու համար կոլբայի մաքրությունը։ Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններում վերցված նմուշներից փորձաքննության պատասխանները հավաստի ու ճշգրիտ չեն կարող լինել:

Պետական մեկ այլ մարմնի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրությունն էլ հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչները շրջում են սահմանամերձ բնակավայրերում, լուսանկարահանում ու տեսագրում են ռազմավարական կառույց համարվող Արծվանիկի պոչամբարը, ու չի բացառվում, նաև հարևանությամբ առկա զորամասը։ Այն դեպքում, երբ հայաստանցի լրագրողներն այդ տարածքներում նկարահանումներ անելուց առաջ պետք է ստանան ԱԱԾ համաձայնությունը։

Հիշեցնենք նախկինում աղմուկ հանած պատմությունը, երբ ռուսախոս լրագրողը հարցազրույցներ էր վերցրել տեղացի բնապահպաններից, այդ թվում՝ «Առնիկա»-ի հետ համագործակցող ՀԿի ղեկավար Ինգա Զարաֆյանից, ու հետագայում այդ տեսանյութը հայտնվել էր ադրբեջանական baku.tv հեռուստաալիքի եթերում։

Տեսանյութեր

Լրահոս